Մարտի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԶԾ պատվիրակությանը՝ ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարում» ծրագրի շուրջ, մասնավորապես՝ Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման նախագիծը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԱԻՆ ենթակայության և գործառնական կառավարման ներքո գտնվող վտանգավոր քիմիական թափոնների կառավարման Կոտայքի ազգային կենտրոնի կառուցումը և շահագործումը: Այն ծառայելու է որպես վտանգավոր քիմիական թափոնների կառավարման/պահեստավորման արդիական միջազգային չափանիշներին համապատասխան ապահով միջանկյալ պահոց/կենտրոն:
Պահեստային շինության կառուցումը հնարավորություն կտա նաև իրականացնել ներկայումս չգործող և վերահսկողությունից դուրս գտնվող օբյեկտներում մնացած վտանգավոր քիմիական նյութերի հետագա անվտանգ պահպանության խնդիրը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԶԾ-ի միջև Մտադրությունների մասին հուշագրի ստորագրման նախագծի կազմումը:
ՀՀ ԱԻՆ