-Այսօր առավոտյան ժամը 10-ին, երբ որ եկել ենք գրասենյակ, նկատել ենք, որ կողքի պատի վրա փակցված «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառը, որը Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկարներով էր, պատռված էր: Ամենայն հավանականությամբ ինչ-որ գործիքով են վնասել, որովհետեւ հնարավոր չէր, էդ պաստառը թղթից չի: Դրանից բացի նաեւ Ա3 ֆորմատի պաստառները, որոնք որ ամբողջ Տիգրան Մեծ պողոտայի երկայնքով տարբեր տեղեր կպցված են, ինչ-որ սեւ ներկանյութով սեւացված են,- «ԵԼՔ» դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի պետ Քրիստ Մարուքյանը պատմում է այս գիշեր Վանաձորում անհայտ անձանց կողմից վնասված «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառների մասին:
Անհայտ անձինք պատռել եւ սեւացրել են հատկապես պաստառի Էդմոն Մարուքյանի հատվածը: «Ելք»-ի մյուս թեկնածուների՝ Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկարները գրեթե անվնաս են մնացել. «Կան տեղեր, որ ընդհանուր պաստառն է վնասված, բայց այսպես ասած թիրախավորման հոտ է գալիս: Երեւի թե որոշ մարդիկ ջղաձգվել են Էդմոն Մարուքյանի առաջադրմամբ: Նաեւ կարող է լինել այնպես, որ ինչ-որ մեկը փորձել է «արջի ծառայություն» մատուցել: Հիմա, եթե առաջիկա օրերի ընթացքում նման գործելաոճը կդադարի, կհասկանանք, որ դա մասնավոր ծառայություն է եղել, որը որ չի ողջունվել: Բայց եթե շարունակվեն նման դեպքերը, ուրեմն դա իրականացվում է հատուկ հրահանգով կամ նախաձեռնությամբ»,-ասաց Ք. Մարուքյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները, տեղյակ են նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք: Ք. Մարուքյանն ասաց, որ նման դեպքեր եղել են նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ. «Քանի որ նախկինում էլ են եղել նմանատիպ բաներ:
Դա Հանրապետականի մերձակա շրջակայքի գործելաոճի նման է: Բայց նաեւ լսել ենք տարբեր տիպի հորդորներ, տարբեր կողմերից, հետեւաբար հիմա թողնենք իրավապահներին: Որովհետեւ կա նաեւ տեսանյութ, կբացահայտվի, կիմանանք ովքե՞ր են արել, ի՞նչ են արել, ինչու՞ են արել: Մենք քանի որ շատ սահմանափակ ժամանակ ունենք ընտրարշավ անցկացնելու համար, հետեւաբար մենք հիմա ընտրարշավը չենք թողնելու ընկնենք երկու ինչ-որ թաղային խուժան հայտնաբերելու գործով զբաղվենք: Ամեն մարդ թող իր գործով զբաղվի: Իրավապահներն իրենց գործով կզբաղվեն, մենք՝ մեր գործով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ