7 մարտի, 2017թ, Երևան. Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթ: Ստացվել էր շուրջ երկու տասնյակ լուսանկարներ: ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կազմակերպվեց ցուցահանդես` հնարավորություն տալով մրցույթին մասնակից լուսանկարները ներկայացնել հանրությանը: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
«Հավասար հնարավորությունների քաղաքականությունը Բրիտանական խորհրդի ամենակարևոր արժեքներից է, որը մենք արտացոլում ենք մեր բոլոր ծրագրերում: Այս մրցույթի և ցուցահանդեսի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել ներառականության մասին` նպաստելով մեր հասարակությունում դրա ամրապնդմանը»,- ասաց Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Մրցույթի մասնակիցները լուսանկարները ներկայացրել էին հաշվի առնելով ներառականության դրսևորումները մի քանի ոլորտներում, այդ թվում տարիք, հաշմանդամություն, ազգություն, գենդեր, կրոն և սեռական կողմնորոշում:
«Իմ տղան ունի աուտիզմ և մեր հասարակությունում իրազեկման, կրթության և ներառականության լուրջ խնդիր կա: Ես որոշեցի մասնացել և իմ տղայի պատմությամբ նպաստել իրազեկմանը: Իմ մեծագույն ցանկությունն է, որ ծնողները երբեք չամաչեն իրենց երեխայի հաշմանդամությունից և պարզ խոսեն այդ մասին»,- ասաց մասնակից Լենա Հարությունյանը, «TMM Սովորեցրու ինձ ավելին ուսուցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրենը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 17-ը: Ցուցահանդեսին այցելուները հնարավորություն կունենան քվեարկել իրենց դուր եկած լուսանկարի օգտին: Ցուցահանդեսի ավարտին առավելագույն քվե ստացած լուսանկարի հեղինակը կճանաչվի հաղթող և կհրավիրվի փառատոնի փակման արարողությանը: Ցուցահանդեսն այցելելու համար նախապես հարկավոր կլինի գրանցվել այստեղ:
Կարդացեք նաև
Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:
Մամլո հաղորդագրություն