Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների եւ դաշինքների հնարավորությունների մասին Գելափի հրապարակած կանխատեսումներին՝ նշեց, որ դրանք բավականին մոտավոր են: «Ի՞նչն են նրանք կանխատեսում: Ներկայիս զարգացումնե՞րը, թե՞ ձայների վերջնական բաշխումը: Եթե ձայների բաշխումը, ապա դրանք շատ հեռու են իրականությունից: Եթե ընթացիկ վիճակը, հնարավոր է, որովհետեւ զարգացումներն ընթացքի մեջ են: Ես իմ առաջին հարցման տվյալներն ինչո՞ւ չհրապարակեցի: Որովհետեւ ակտիվ ընտրողների միայն 43 տոկոսն ունեն կարծիք, իսկ 57-ը՝ ոչ: Հիմա եթե այս թվերը տամ, կասեն սուտ է ասում: Քարոզարշավն արդեն սկսվել է: Այս շաբաթ երկրորդ հարցումը կանենք ու որոշ բաներ պարզ կլինեն: Դրանից հետո կանցկացնենք երրորդ հարցումը եւ դրանից հետո միայն կկարողանանք վերջնական արդյունքը կանխատեսել», – ասաց նա:
«Պայքարն ընթանում է երկու հարթության վրա: Միայն ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն 50+1 ձայն հավաքելու հավակնություն ունեն: Երկրորդ հարթակում պայքարը 2-ից 5 կամ 6-րդ տեղի համար է: Երրորդ հարցումից հետո կկարողանանք մեզ հետ աշխատող կուսակցություններին իրական պատկերը տալ: 2012 թ. ընտրություններում չորս պատվիրատու ունեինք: Երկուսին ասացինք՝ դուք պարտվում եք: Մեզ բացահայտ մեղադրեցին ծախված ու իշխանամետ լինելու մեջ: Մեծ փողեր ծախսեցին, իրենց 1,5 տոկոսը հավաքեցին ու դուրս եկան», – ասաց բանախոսը:
«Ծառուկյան» դաշինքի եւ ՀՀԿ-ի մեջ հնարավորությունների տարբերությունը մեծ չէ: Բայց բարոյական հաղթանակը ՀՀԿ-ի մոտ է եւ նա կլինի մեծամասնություն, որովհետեւ այստեղ հոգեբանական ազդեցիկ նրբություններ կան: Հազարից ավելի ընտրական տեղամաս կա: Բոլոր ինը մասնակիցները տեղամասերում իրենց շտաբներն ունեն: Հիմա տեսնենք, թե ոնց են աշխատելու: Մի մոռացեք, որ 915 համայնքներից 725-ը հանրապետականի ընտրված գյուղապետերն ու թաղապետերն են, 100-ն է՝լ իրենց անկախ համարողներ, որոնք նրանց աջակցությամբ են գյուղապետ կամ քաղաքապետ դարձել: Նրանց հեղինակությունն ի՞նչ նշանակություն կունենա»,- շարունակեց Ահարոն Ադիբեկյանը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասվածին հավելեց, որ Գելափը հարցնում է, թե ընտրողն իր ձայնն ում կտա: Բայց հաշվի չի առնում ընտրակեղծիքները եւ պաշտոնական ճնշումները, որոնց հետեւանքով ընտրողը ոչ թե կուզենա, այլ քվեն պարտադրված կտա սրան կամ նրան:
Կարդացեք նաև
Բանախոսները ընտրակաշառքների մասին ասացին, որ գաղափարախոսություն, կուսակցությունների պայքար չկա: Կա շահ եւ 12,5 տոկոսը ոչ ընտրական գործոնների հիման վրա պատրաստ է ընտրություն կատարել: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա գումար լինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ