ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի կինը` Անահիտ Թարխանյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե իբր ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն իրենց թույլ չի տալիս որևէ նկարահանում իրականացնել Անդրիաս Ղուկասյանի հետ` նախընտրական քարոզարշավի համար»:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ա. Ղուկասյանին, բացառությամբ մերձավոր ազգականների, արգելվել են բոլոր տեսակի տեսակցությունները և հեռախոսազանգերը:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 9-րդ կետով «Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու իրենց ներկայացնող մինչև 3 վստահված անձանց հետ»:
Հավելենք, որ կալանավորված անձ Ա. Ղուկասյանի վստահված անձի (անձանց) կողմից նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով քրեակատարողական հիմնարկ ներկայանալու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է տեսակցությունների տրամադրումը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին