«ՕՐՕ» դաշինքի ցուցակով, ինչպես նաեւ ռեյտինգայինով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է: Այսօր «Փաստարկ» ակումբում նրա պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ փորձել են արդեն 6-րդ անգամ միջնորդություն ներկայացնել՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու, սակայն այն նորից մերժվել է:
Անդրիաս Ղուկասյանը դատարանում ասել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ինքը մյուս թեկնածուների հետ հավասար մրցակցային պայմաններում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի: Սակայն նրա կնոջ՝ Անահիտ Թարխանյանի խոսքերով՝ «Մենք գնում ենք Նուբարաշեն, խնդրում ենք, որ մի հատ նկարենք Անդրիասին, կամ գովազդային հոլովակ նկարենք՝ նույնիսկ դա արգելված է: Մենք չենք կարող պրոֆեսիոնալ նկարել, չենք կարող նկարահանումներ իրականացնել: Անդրիասը նույնիսկ չի կարող իր ելույթները, իր ուղերձները հասարակությանը տեղում նկարահանել եւ հետո տարածել: Մենք փորձելու ենք, էլի դիմելու ենք «Նուբարաշենի» ղեկավարությանը, որ գոնե մեկ մամուլի ասուլիս կամ գոնե մեկ նկարահանում իրականացվի այդ տարածքում՝ մանավանդ այցելությունների տեղը կա, բավականին լավ պատրաստված է»:
Նա ասաց, որ հիմա նախընտրական պաստառներում ստիպված օգտագործում են Անդրիաս Ղուկասյանի հին նկարները՝ դեռ նախորդ ընտրություններին արված:
Կարդացեք նաև
Անդրիաս Ղուկասյանի վստահված անձը՝ Վարուժան Գաբրիելյանն ասաց, որ իր վստահված անձինք, հարազատները կարող են տեսակցել նրան ընդամենը 2 ժամ. «Այսինքն՝ երկու ժամ աշխատելու հնարավորություն ունենք, այն էլ՝ միայն աշխատանքային օրերին»:
Անահիտ Թարխանյանն ասաց, որ արդեն 8-րդ ամիսն է, ինչ ձերբակալված է իր ամուսինը: Պատգամավորի թեկնածու լինելով՝ իր հիմնական թեզն է՝ «Քվեարկիր՝ հանուն ազատության»: Անդրիաս Ղուկասյանն իր նախընտրական ծրագիրն է կազմել՝ ընտրողներին խոստանալով՝ «պետական իրավապահ մարմինների համակարգը բերել օրենքի դաշտ, իշխանությունը մաքրել հանցագործներից, կոռուպցիայի ճանապարհով ձեռք բերված ապօրինի հարստությունը հետ վերադարձնել ժողովրդին»:
Ինչու Ադրիաս Ղուկասյանն առաջադրվեց հենց այս դաշինքով՝ Անահիտ Թարխանյանն ասաց, որ 2013-ից սկսած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակել է եւ իր համար բնական էր շարունակել իր համագործակցությունը. «Ստանալով Րաֆֆիի կողմից առաջարկ առաջադրվել, ընդունում է առաջարկը՝ որպես անկուսակցական առաջադրվելու»:
Մեր հարցին, թե ինչպես է քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը մի ցուցակում, որի լիդերները՝ Օհանյանը, Օսկանյանը, լինելով իշխանության մաս, երբեւէ դեմ չեն արտահայտվել քաղբանտարկյալներ ունենալուն՝ տիկին Թարխանյանը պատասխանեց. «Այսօրվա օրով Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը ընդունում են Անդրիաս Ղուկասյանի քաղբանտարկյալ լինելը: Իրենց տեսակետները, որ իրենք համաձայն չեն գործող համակարգի հետ, հստակ արտահայտված է իրենց կողմից ներկայացված ծրագրի ներքո»:
Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ Անդրիաս Ղուկասյանին քաղաքական նպատակներով են պահում, որպեսզի չկարողանա ԱԺ ընտրություններում ակտիվ մասնակցություն ունենա. «Մենք մեծ հույսեր չունեինք, որ ազատ կարձակվի, բայց, այնուամենայնիվ, դիմեցինք»: Անդրիաս Ղուկասյանն էլ ասել է, որ ես պարտավոր էի նման միջնորդությամբ հանդես գալ: «ՕՐՕ» դաշինքն իրեն վստահել եւ առաջադրել է՝ որպես իրենց թիմի անդամ եւ պարտավոր էր ջանասիրություն ցուցաբերել, ապացուցելու, որ իր կողմից արել է ամեն ինչ, որ կարողանա ազատություն ձեռք բերել եւ ակտիվ մասնակցել ընտրարշավին:
«Ինձ, որպես մարդու, այս կալանքը ցույց տվեց, թե որքան ուժեղ է իմ ընտանիքը, որքան ուժեղ են իմ հարազատները: Ես գտնում եմ, որ մենք հաստատելու ենք ՀՀ-ում իրավական պետություն: Ես հավատում եմ դրան, եթե չհավատայի, այստեղ չէի լինի»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:
Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի ցուցմունքով, նա լսել էր իբր, թե ինչպես է Ղուկասյանը կոչ անում ժողովրդին, որ քարեր հավաքեն, որ ոստիկաններին հարվածեն. «Նման բան գոյություն չունի, բայց այս ընթացքում ոստիկանը հրաժարվեց իր ցուցմունքից՝ նշելով, որ ոչ միայն ինքը չի լսել, այլեւ հեռավորության վրա է գտնվել նրանից եւ չէր էլ կարող լսել: Այս ընթացքում պարզվեց, որ Անդրիաս Ղուկասյանի հեռախոսահամարը գաղտնալսվել է դեռեւս հունիսից՝ ՊՊԾ գնդի դեպքերից մեկ ամիս առաջ…Սեւազգեստ սադրիչներ կային, որ ժողովրդին ասում էին՝ իջնենք ներքեւ: Տղաները թույլ չէին տալիս: Պարզվեց, որ այդ անձինք ոչ միայն ոստիկանության հետ համագործակցող սադրիչներ են, այլեւ ոստիկանության օպեր աշխատողներ, որոնք ներդրվել են ցուցարարների մեջ՝ հորդորելով, որ եկեք գնանք: Իսկ այդ ամենում մեղադրում են Անդրիաս Ղուկասյանին եւ մյուս տղաներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ