Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսին այլընտրանք ճանապարհը նախընտրական խոստում չէ (Տեսանյութ)

Մարտ 07,2017 15:57

Aravot.am-ի հարցին, թե Լարսին այլընտրանք ճանապարհի մասին խոսակցություններն ակտիվացել են, գուցե նախընտրական խոստումների շարքի՞ց են, քանի որ տասնյակ տարիներ է այդ հարցը չի լուծվում: Մեր այն դիտարկմանը, թե տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց,  որ այդ հարցը քննարկման փուլում է եւ որ վարչապետի հանձնարարությամբ Լարսին այլընտրանք ճանապարհներ են փնտրում, Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը պատասխանեց. «Լարսը մեզ համար անփոխարինելի է, որովհետեւ կյանքի ճանապարհ է: Ռուսաստանին` Երեւանից Մոսկվային կապող ամենակարճ ճանապարհը Լարսն է: Բայց ֆորս մաժորային իրավիճակներ են լինում, ինչպես եղավ դեկտեմբեր ամսին՝ 17 օր մեր վարորդները պատի տակ շարված կանգնեցին ձյան պատճառով……: Մեզ այլ ճանապարհ պետք չէ, ամենալավ ճանապարհը Լարսն է, եթե միայն ֆորս մաժորներ չլինեն: Լարսին այլընտրանք ամենակարճ, ամենաձեռնտու ճանապարհը Հարավային Օսիայով ճանապարհն է: Այնտեղ քաղաքական խնդիր կա եւ այդ քաղաքական խնդիրը մեր ղեկավարությունը փորձում է լուծել եւ ի պատիվ իրենց՝ դա նախընտրական ծրագիր չէ»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր պարոն Համբարձումյանը «Sputnik Արմենիա» մամուլի ակումբում ներկայացրեց միջազգային բեռնափոխադրումներով զբաղվողների խնդիրները, դրանց հնարավոր լուծումները:

 

Մեր այն հարցին, թե տասնյակ տարիներ կային այդ խոսակցությունները, նախկին նախարարներ, նախկին վարչապետեր, բոլորն այդ թեման «տաք» էին պահում, սակայն գործնականում այլընտրանքային ճանապարհն այդպես էլ կյանքի չէր կոչվում, արդյոք նոր վարչապետի գործոնո՞վ է պայմանավորված, որ Ռուսաստանն ու Վրաստանը կարծես թե ուզում են ճանապարհի հարցով համաձայնության գալ, պարոն Համբարձումյանն ի պատասխան՝ ասաց.
«Տա Աստված, մենք խնդրենք վարչապետին, որ մինչեւ վերջ հասցնի` սա էլ խոսակցություն չդառնա: Ֆորս մաժորային իրադրություններում Հարավային Օսիայով` ուղեկցվող վճարային ծառայությունով այդքան ճանապարհն անցնի, վարորդի անձնագրում կնիք չլինի, բեռը ո’չ բացվի, ո’չ բեռնաթափվի, ո’չ բարձվեն այդ տարածքում, ո’չ վարորդը ձեւակերպվի, վարորդը մեքենայի միջից դուրս չգա, այսինքն` դրանով Վրաստանը չճանաչի Հարավային Օսիային»:

Հերբերտ Համբարձումյանի խոսքերով, ներկայումս Լարսին այլընտրանք գործող ճանապարհները երկաթուղով, լաստանավով եւ օդային տրանսպորտով են, սակայն սրանցից յուրաքանչյուրն իր բացասական կողմերն ունի:

Երկաթուղով, Երեւանից Մոսկվա բեռը հասնում է 45 օրում, լաստանավով անցնող բեռը` 4 օրվա ընթացքում: Ավիացիոն բեռների փոխադրումը չափազանց թանկ է նստում գործարարի վրա: Օդային ճանապարհով մեկ կիլոգրամ բեռն արժե 2 դոլար:
Լաստանավն էլ ունի իր գինը, սակայն լաստանավն էլ ոչ միշտ է հասանելի մեր` մասնավորապես փոքր ու միջին գործարարներին: Բացի այդ, եթե ծովափին ալեկոծություն եղավ, լաստանավը չի կարողանում օրերով մոտենալ ափին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031