Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Մեծ աշխատանքներ են կատարվում Սփյուռքի ներդրումային ներուժի վերլուծության եւ սփյուռքյան ներդրումների ապահով ներգրավման համար

Մարտ 07,2017 15:49

Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնի հրավերով «Հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններ» խորագրով միջազգային սեմինարին մասնակցելու համար 2017 թվականի մարտի 6-8-ը Երուսաղեմ (Իսրայելի Պետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել միջխորհդարանական բարեկամության խմբի ղեկավար, Արտակ Զաքարյանը:

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

«Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Իսրայելի պետության Կնեսետին, Արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաեւ Իսրայելի հրեական գործակալությանն այս ներկայացուցչական միջոցառման կազմակերպման եւ հյուրընկալման համար:

Պետք է փաստել, որ այսպիսի միջազգային ներկայացուցչական հարթակներն արդյունավետ հիմք են հանդիսանում բազմաոլորտ խնդիրների քննարկման, փորձի եւ կարծիքների փոխանակման համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Սփյուռքի հետ կապված հարցերի լուծմանն ուղղված պետական լայնածավալ աշխատանքների ու ջանքերի, հետեւողական մոտեցումների, առկա ներուժը աշխարհին պատշաճ ներկայացնելու գործողություններում ու առաջնահերթություններում իր ուրույն դերն ու նշանակությունն ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: ՀՀ ԱԺ-ն իր սահմանած միջխորհրդարանական գործունեության համատեքստում ընդգծում է սփյուռքի հետ կապերի զարգացումը եւ սփյուռքյան կառույցների դերն ու նշանակությունը գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման գործում:

Անցած տարիների ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն իր գործունեության առաջնայնությունների համատեքստում փորձել է իր ներդրումն եւ լուման ունենալ պետական մակարդակում Սփյուռքի հետ կապված համահայկական նոր ծրագրերի մշակման, Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթությունների սահմանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա զարգացման գործում:

Հանձնաժողովը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ սփյուռքահայերի խնդիրներին ավելի գործուն լուծումներ տալու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեզ համար Սփյուռքի հետ կապված քննարկումները միշտ կենդանի եւ ակտիվ գործընթացներ են: Ինչպես գիտեք, հայկական սփյուռքն աշխարհում ամենամասշտաբայիններից է իր աշխարհագրական ընդգրկվածությամբ եւ մարդկային ռեսուրսների ներգրավվածությամբ: Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում ապրում են ավելի քան տասը միլիոն հայեր, որոնց շուրջ մեկ երրորդը բնակվում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Հայկական սփյուռքի ձեւավորման պատմությունը սկիզբ է առել դեռեւս վաղ միջնադարից: Սակայն մերօրյա սփյուռքի ձեւավորումը մեծապես հետեւանք է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած ցեղասպանության, որի ընթացքում նահատակվեցին շուրջ 1,5 միլիոն հայեր, հարյուր հազարներն էլ տեղահանվեցին իրենց բնօրրանից, դարձան գաղթականներ, որի պատճառով աշխարհի տարբեր երկրներում ձեւավորվեցին հայաշատ համայնքներ: Սփյուռքի ընդլայնման հաջորդ փուլը մեծապես կապված էր 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած զանգվածային ջարդերի, սպանությունների ու հալածանքների հետ: Այսօր հայերը սփռված են աշխարհի ավելի քան 120 երկրներում:

Բոլոր ժամանակներում Հայկական սփյուռքի համար գերխնդիր եղել եւ մնում է հայապահպանության հարցը, ազգային ինքնության պահպանումը: Որպես հայապահպանության համար կարեւոր նախապայմաններ՝ մենք դիտարկում ենք սփյուռքահայերի ազգային-կրթական, հոգեւոր-մշակութային հավաքական եւ միասնական գործունեությունը, նրանց համախմբումն ու ինքնահաստատումը համայնքներում ու ազգային կառույցներում:

Տարիների ընթացքում Հայրենիք – Սփյուռք կենսունակ հարաբերությունների պահպանումը, հայրենիքի հետ կապող երակի սնուցումը, շարունակական եւ բազմաբնույթ հարաբերություններն էին, որ 1991 թ-.ին՝ հայկական անկախ պետականության վերահաստատումից հետո, հիմք հանդիսացան Սփյուռքի հետ նոր որակական կապերի զարգացման համար:

Անցյալի պատմության փորձը, անկախացումից հետո առաջ եկած նոր մարտահրավերները հայ ժողովրդից այդժամ պահանջում էին ազգային ինքնակազմակերպվածության բոլորովին նոր մակարդակ ու որակ: Անկախությունից հետո հայությունը հայտնվել էր նոր իրողության մեջ, որը կապված էր հայկական պետականության առկայության փաստի հետ: Այս նոր իրողությունը թե՛ սփյուռքի եւ թե՛ հայրենիքի հայության համար ստեղծել էր նոր իրականություն, առաջ էին եկել նոր մարտահրավերներ. մենք պարտավոր էինք զգալ ժամանակի ու գործընթացների նոր զարկերակը:

Մենք գիտակցում էինք եւ մինչ օրս էլ լավ ենք հասկանում, թե որքան անելիք ունի Հայաստանը Սփյուռքի համար, եւ թե որքան աջակից է եղել եւ մնում Սփյուռքը մեզ մեր բազմաթիվ կարեւոր նախաձեռնություններում:

Ստեղծված իրողությունները առաջ քաշեցին սփյուռքի հետ կապերի զարգացումը ու համակարգումը նոր պետական մակարդակի վրա դնելու անհրաժեշտություն: Այս համատեքստում, ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ-ի հոկտեմբերի 1-ին ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը: Այս քայլը նպատակ ուներ Հայաստան-Սփյուռք գործակցությանը տալ պետական նշանակություն, այդ գործի զարգացմանը հատկացնել պետական կառավարման բավարար ռեսուրսներ եւ մեխանիզմներ: Նախարարության հիմնական գործառույթները Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության մշակումն է, հայապահպանության գործում սփյուռքյան կառույցներին ու կազմակերպություններին օժանդակություն հատկացնելը՝ հայոց լեզուն, կրթությունը, մշակույթն ու հավատքը պահպանելու համար: Առաջադրված խնդիրների համատեքստում կարեւորվում է նաեւ հայ ներուժի հայտնաբերումն ու համախմբումը, ինչպես նաեւ հայրենադարձության ծրագրերի մշակումը:

Մեր անկախության անցած 25 տարիների ընթացքում Սփյուռքի հետ հարաբերությունների պահպանման եւ զարգացման գործում պետական մակարդակով կատարվել են հսկայածավալ աշխատանքներ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության վարած համակարգված պետական քաղաքականությունը մեծապես նպատակ ունի խթանել Հայաստան-Սփյուռք գործակցության առավել զարգացումը: Առկա են պետական համակարգմամբ մշակված եւ ներդրված մեխանիզմներ, որոնց միջոցով իրականացվում է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման համար սահմանված քաղաքականության նպատակները:

Հարգելի՛ գործընկերներ,

Սփյուռքի հետ կապերի զարգացման գործում` որպես կարեւոր մեխանիզմներ, դիտարկվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումն ու գործունեությունը, երկքաղաքացիության օրենքի ընդունումը, «Լույս» հիմնադրամը, որի աջակցությամբ լավագույն հայ ուսանողները կարողանում են ընդունվել եւ սովորել աշխարհի 10 լավագույն համալսարաններում՝ լինեն նրանք Հայաստանից, թե Սփյուռքից. պետությունը տրամադրում է կրթաթոշակներ արտերկրում նրանց կրթության համար: Երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման արդյունքում այսօր օտար երկրներում ապրող բազմաթիվ մարդիկ ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Սա եւս միջոց է հայրենիքի հետ կապը պահպանելու եւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր զարգացումներ ապահովելու համար:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում իր ուրույն միավորող դերն ունի Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացումը: Արդեն իսկ անցկացվել է Հայաստան-Սփյուռք 5-րդ ներկայացուցիչական համաժողովը, որի ընթացքում հայաստանյան եւ սփյուռքյան ներկայացուցիչները քննարկում են Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի կենսական կարեւոր խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:

Ոլորտում կարեւոր ձեռքբերում է հանդիսանում կրթության ոլորտի ակտիվացումը: Երեւանի պետական համալսարանում բացվել եւ գործում է սփյուռքագիտության ամբիոնը, որի շրջանավարտները տիրապետում են Սփյուռքի հետ կապված համապատասխան գիտելիքների, ինչպես նաեւ սփյուռքյան կառույցների հետ աշխատելու հմտությունների ու ունակությունների: Կարեւոր է նաեւ մայրենիի կատարելագործման եւ տարածման խնդրի լուծումը: Պետական մակարդակում արվում է ամենը, որ սփյուռքում մեր երիտասարդության մեծ մասը չդադարի խոսել մայրենի լեզվով: Այդ առումով տարբեր կառույցների, կազմակերպությունների հետ իրագործվում են ծրագրեր` երիտասարդությանը ոգեւորելու, հայոց լեզվի ուսուցումը Սփյուռքում ավելի հասանելի եւ մատչելի դարձնելու համար: Այս առաջնահերթության համատեքստում Երեւանի պետական համալսարանում գործում է նաեւ «Սփյուռք» ամառային դպրոցը, որտեղ դասընթացներն կենտրոնացված են այնպիսի հիմնական ուղղությունների վրա, ինչպիսիք են հայոց լեզվի արագացված ուսուցումը, հայոց լեզվի ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստումը, երիտասարդ լրագրողների վերապատրաստումը, երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստումը:

Մեզ համար շատ կարեւոր է սփյուռքյան համայնքների համակարգային զարգացումը: Այդ նպատակով պետական մակարդակով իրականացվում է երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագրի շրջանակում ջանքեր են ներդրվում փոխադարձ ճանաչողության դաշտ ստեղծելու, հայրենիքի հետ կապերը հաստատելու եւ զարգացնելու, ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը եւ համակարգին ծանոթացնելու ուղղությամբ: Այս ծրագրի շրջանակում մենք փորձում ենք յուրաքանչյուր տարածաշրջանի հետ համագործակցության միջոցով հասկանալ նրանց առաջնային խնդիրները, քննարկել խնդիրների լուծման հնարավորությունները եւ գտնել արդյունավետ լուծումներ ու տարբերակներ:

Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում իր ուրույն դերն ու հանրաճանաչությունն ունի «Արի տուն» ծրագիրը: Այս ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2009 թ-ին: Ծրագրի շրջանակներում արդեն 7 տարվա ընթացքում Հայաստան են այցելել շուրջ 6000 հայազգի երիտասարդներ՝ աշխարհի 54 երկրներից: Ծրագրի հիմնական նպատակն է սփյուռքահայ երիտասարդների ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգեւոր եւ ընտանեկան ավանդույթներին: Ծրագիրն իր առաջ խնդիր է դրել նպաստել հայրենիքի հետ ամուր կապերի ձեւավորմանը, ազգային ինքնության ամրապնդմանը, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ ջերմ հարաբերությունների հաստատմանը:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր, հայության համար կարեւորագույն հարց է սիրիահայերի խնդիրը: Մենք Սիրայում ունենք մեծ համայնք: Մեր այդ զորեղ համայնքի հազարավոր հայեր սիրիական պատերազմի արդյունքում ստիպված էին մազապուրծ թողնել Սիրիան ու հանգրվան գտնել աշխարհի տարբեր երկրներում: Նրանցից հազարավորները ցանկություն են հայտնել բնակվել Հայաստանում: Մինչ օրս Հայաստանը ընդունել է հազարավոր սիրիահայերի: Չնայած պետական միջոցների սղությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ արվել եւ արվում է ամենը` մեր հայրենակիցների խնդիրներին լուծում տալու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով կարեւորում է նաեւ երկրում ներդրումային քաղաքականության խթանումը եւ այս գործում իր ուրույն դերն ու նշանակությունն է հատկացվում Սփյուռքի հետ համագործակցության զարգացմանը: Սփյուռքահայ ներդրողների հետ համագործակցության խթանման եւ խորացման համար պետական մակարդակում ստեղծվել են անհրաժեշտ միջոցներ` նպաստավոր միջավայրի ապահովման, անհրաժեշտ պետական օժանդակություն ցուցաբերման, մրցունակությանը եւ զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի ավելացման համար: Մեծ աշխատանքներ են կատարվում Սփյուռքի ներդրումային պոտենցիալի վերլուծության, համագործակցության մեխանիզմների մշակման եւ սփյուռքյան ներդրումների ապահով ներգրավման համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք շարունակելու ենք Հայաստան- Սփյուռք- Լեռնային Ղարաբաղ գործակցությունը եւ անելու ենք ամենը` տարբեր աշխարհագրական հարթություններում բնակվող հայերին իրար կապող երակն առավել ուժեղ սնուցելու համար»:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031