Մարտի 7-ին, ժամը 14-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում կայացավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան նախընտրական դաշինքի ղեկավարների հանդիպում-հավաքը Նոյեմբերյան քաղաքի եւ այդ տարածաշրջանի բնակիչների հետ:
Նոյեմբերյանի զբոսայգու մուտքի մոտ 2 փոքր աղջիկներ աղուհացով դիմավորեցին Սեյրան Օհանյանին, որը համբուրեց փոքրիկներին: Արմեն Մարտիրոսյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը իրենց ելույթներում քննադատեցին Հայաստանի իշխանություններին, երկրում տիրող վիճակը:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրեն առաջարկված պաշտոններից հրաժարվել է, ինքը գերադասեց լինել ժողովրդի կողքին: Նա ասաց, որ երկրի բոլոր ոլորտներում փոփոխություններ են պետք, որոնց հիմքում պետք է լինի գործող իշխանության փոփոխությունը:
Նա հայտարարեց. «Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը քաղաքական վերնախավերի, էլիտաների, թիմերի պարբերաբար փոփոխությամբ են հասնում հաջողությունների: Եթե մեկ թիմը 25 տարի անընդմեջ ղեկավարման մեջ է գտնվում, ապա նրան թվում է, թե ամեն ինչ լավ է, մարդիկ լճանում են, չեն ուզում թերություններ տեսնել: Թարմ աչք է մեզ բոլորիս պետք, որ տեսնի այն բոլոր թերությունները, որոնք այսօր կան, ինչու չէ, նաեւ՝ դրական կողմերը, որ դրա վրա հենվելով կառուցենք Հայաստանի Հանրապետության ապագան: Այնտեղից է, երբ որ լճանում են, չեն տեսնում թերությունները, առաջանում են նաեւ որոշակի առումով բռնապետական հատկանիշներ մարդկանց մոտ: Այնպես որ, փոփոխությունները անհրաժեշտություն են մեր երկրում, հարգելի հայրենակիցներ: Եվ, ընդհանուր առմամբ, էլ ժողովուրդը տեսնելով կառավարման մեջ գտնվող մարդկանց՝ հոգնում է նույն դեմքերը տեսնելուց: Պետք են փոփոխություններ, որոնք որ իրենց գիտելիքներով, հմտություններով. ունակություններով կարող են նոր ձեւով ղեկավարել մարդկանց, որպեսզի կապը իշխանության եւ ժողովրդի մեջ ավելի սերտ լինի: Այսօր մի մեծ անջրպետ է առաջացել իշխանությունների եւ ժողովրդի միջեւ»՚:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ