«Դուք ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք»,- Տավուշի մարզի Բերդ բնակավայրում իր հետ նախընտրական հանդիպման եկած քաղաքացիներին այսպես դիմեց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը՝ նաեւ հիմնավորելով, թե ինչու է դաշինքը իր քարոզարշավը սկսում սահմանամերձ բնակավայրից:
Հավաքվածներին Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը բանվորի ընտանիքից է, մարդու եւ աշխատանքի ղադրը լավ գիտի, բայց այսօր ինքը չի եկել տավուշցիներին խնդրելու, որ ձայն տան իրեն ու իր ղեկավարած դաշինքին: Ինքը եկել է առաջարկներ ներկայացնելու, ու ներկայացրեց դաշինքի 15 կետից բաղկացած առաջարկները, որոնք Գագիկ Ծառուկյանի համոզմամբ՝ երկիրը կարող են դուրս բերել տնտեսական ճգնաժամից եւ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել:
Հավաքվածներին Գագիկ Ծառուկյանը հորդորեց քվեն տալու որոշում կայացնելուց առաջ քաղաքական գործիչների խոստումներին չխաբնվել, այլ նրանց անցած ուղին նայել եւ արած գործերը: «Տնտեսական ճգնաժամը մեր վրա էլ է ազդում, ցանկացած կառույց այսօր մինուս է գնում, ոչ ոք չի կարող ասել, որ 2009-ից հետո իր առօրյայում ինչ-որ բան լավացել է, հակառակը՝ տարին տարվա վրա ավելի է վատանում: Այսօր մենք ունենք 650 հազար ընտանիք եւ 1 մլն 400 հազար վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքում ամենաքիչը երկու հոգի վարկի տակ են: Մարդիկ աշխատում են միայն բանկերի համար»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Շարունակելով ներկայացնել իրենց 15 կետերը, Գագիկ Ծառուկյանը զուգահեռներ անցկացրեց Արաբական Էմիրությունների հետ, որոնք, ըստ էության, արտադրություն չունեն, ամեն ինչ ներկրում են, բայց զարգանում են, քանի որ ճիշտ տնտեսական քաղաքականություն են վարում:
Ծառուկյանը հավաքվածներին հորդորեց ճիշտ կերտել սեփական ապագան, քանի որ ընտրություն կատարողը եւ ապագա կերտողը հենց իրենք են: «Այսօր կան քաղաքական գործիչներ, որ քաղաքականությունից դուրս գան՝ ոչ ոք իրենց բարեւ չի տա, հացին էլ կակա կասեն: Բայց երբ ես քաղաքականությունից դուրս եկա, մնացի ժողովրդի կողքին իմ բարեգործական ծրագրերով: Բայց բարեգործությամբ երկիր չես պահի: Ես էլ չեմ ուզում ձեռքերս ծալած նստեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` հավելելով, որ այն ժամանակ ինքը քաղաքականությունից դուրս եկավ, քանի որ չէր կարող ժողովրդին արյունահեղության տանել: Իսկ այժմ խաղաղ ընտրական շրջան է եւ մարդիկ կարող են ընտրություններով իշխանություն փոխել Հայաստանում:
Գագիկ Ծառուկյանը վստահ է. բոլոր խնդիրներն էլ լուծում ունեն, միայն պետք է սրտացավ եւ հարազատավարի մոտեցում: Նա կարծում է, որ մեղավորները պիտի պատժվեն, իսկ դրա համար պետք է երկրում օրենքները գործեն, ինչի համար էլ պիտի համակարգը փոխվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ