«Մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում։ Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին մենք պատվով ենք դուրս եկել մրցակցությունից։ Այս անգամ էլ ակնկալում ենք մեր ժողովրդի վստահությունը, և համոզված ենք, որ մարդիկ իրենց քվեն կտան Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և մեր թեկնածու Սամվել Սանամյանին»,- մեզ հետ զրույցում այսպես գնահատեց իրենց հնարավորությունները ՀՀԿ Հրազդանի տարածքային և ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի ընտրական շտաբի պետ Արամ Դանիելյանը։
Վերջինս նախընտրական այս շրջանում իր հաշվին արձակուրդ է վերցրել և մեկ ամիս զբաղվելու է ընտրական գործընթացներով։
Կարդացեք նաև
Պարոն Դանիելյանն ընդգծում է, որ Սամվել Սանամյանն իր ընկերն է մանկական, ուսանողական տարիներից։ «Մենք միասին ճանապարհ ենք անցել, և ինչպես ասում են, լավ ու վատ օրերին իրար կողքի ենք եղել։ Բնականաբար, ես պետք է ղեկավարեի նրա ընտրական շտաբը։ Մեզ շատ թելեր են միմյանց հետ կապում։ Բացի այդ, պարոն Սանամյանը՝ որպես հրազդանցի, միշտ եղել է մեր կողքին, հոգացել է հրազդանցու հոգսերը, կապված է մեր տարածաշրջանի հետ»,- ասաց պարոն Դանիելյանը: