Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական հանդիպումներ կունենա Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Բագրատաշեն եւ Այրում բնակավայրերում: Տեղեկացնենք, որ դաշինքի քարոզչական խմբերը ամսի 5-ին եւ 6-ին եւս նախընտրական հանդիպումներ են ունեցել մարզի տարբեր բնակավայրերում: Այս ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը տարածքային ցուցակով 7 թեկնածու է առաջադրել: 7 թեկնածու է առաջադրել նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը:
Մարզի բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում դժգոհում էին, որ աշխատանք չունեն: Նրանցից ոմանք հույս ունեն, որ Գագիկ Ծառուկյանը իրենց համար աշխատատեղեր է ստեղծելու: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ եք Ծառուկյանի հետ հույս կապում եւ ոչ թե իշխող Հանրապետական կուսակցության, Տավուշ գյուղի բնակիչ Հովել Անտոնյանն ասաց, որ իշխանության կողմից Միքայել Վարդանյանը՝ «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատերը, իրենց հետ հանդիպումներ է ունեցել, առաջարկել է ծխախոտագործությամբ զբաղվել. «Բայց փողի- բանի հնար չկա»: Մեր զրուցակիցը չի հստակեցնում, թե հատկապես ինչ աշխատատեղ է ակնկալում Գագիկ Ծառուկյանից, բայց 15 տարի է ԲՀԿ-ի անդամ է ու վերջինիս հավատում է:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ իշխանությունը ներկայացնող ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը ընտրակաշառք բաժանո՞ւմ է, քանի որ նախորդ ընտրություններում նման բազմաթիվ ահազանգեր եղան: «Եթե տալիս էլ է՝ ինձ չի հասել, բայց չեմ էլ լսել»,- ասաց մեր զրուցակիցը:
Երեկ Բերդում նախընտրական հանդիպում են ունեցել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչները: Ծառուկյանի հետ հանդիպման եկածներից հետաքրքրվեցինք՝ երեկ է՞լ են հանդիպման եկել, փորձելո՞ւ են բոլորին լսել եւ հետեւություններ անել: «Ով ինչ ուզում ա ասի՝ մերը Ծառուկյանն ա»,- ասաց հանդիպման եկած կանանցից մեկը:
Իսկ Բերդում ինչպես դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին՝ քիչ ուշ, տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ