Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան օրերին Քարեգահից մոտ 2 տասնյակ տղամարդ մասնակից եղավ ռազմական գործողությունների

Մարտ 07,2017 13:52

Փետրվարի 22-ից Քաշաթաղի շրջանում համայնքների ղեկավարները հաշվետվություն են ներկայացնում՝ 2016թ. իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ: Անցած օրերին շրջանի հարավային թևում ավարտվել են այդ աշխատանքները;

Մարտի 6-ին հաշվետվություն ներկայացրեցին Բերձորի մերձակա Աղանուս և Քարեգահ գյուղական համայնքների ղեկավարները: Աղանուս գյուղական համայնքը կազմված է Աղանուս, Ապարան և Մեղվաձոր գյուղերից՝ համապատասխանաբար 9, 5 և 2 ընտանիքներով: Տարածքն ազատագրվել է 1993թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում: Համայնքի դպրոցը գործում է Աղանուս գյուղում՝ 1996 թվականից: 201-ից կոչվում է նահատակ ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով: Համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի հաշվետվությունը, որին բացի բնակիչներից, ներկա էր շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, կայացավ դպրոցում:

Տնօրեն Աելիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ունեն 7 ուսուցիչ և 12 աշակերտ՝ 3 համակարգ-դասարանով: Կա օտար լեզվի մասնագետի կարիք: Դպրոցական շենքն ունի նորոգման խնդիր; Աշակերտների մեծ մասը գալիս է մոտ 2 կմ հարավ ընկած Ապարան գյուղից՝ հատկացված մեքենայով: Գրադարանն ունի 1100-ից ավելի գեղ. գրականություն, որից օգտվում են նաև համայնքի բնակիչները: Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 79 շունչ, որից 14-ը՝ նախադպրոցական երեխաներ են, 12-ը՝ դպրոցական:

Անդրադառնալով բյուջեի կատարմանը՝ տեղեկացրեց, որ այն կազմում է ընդամենը 3596000 դրամ, որից 109000-ը՝ սեփական եկամուտներն են, մնացածը՝ պետական դոտացիա: Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է և մեղվաբուծությունը: Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ նշեց՝ 2016-ի ընթացքում շրջվարչակազմի կողմից բարեկարգվել են համայնքով անցնող և Մեղվաձոր տանող ճանապարհները, հատկացված շինանյութով նորոգվել են 2 բնակելի տան տանիք: Ասաց՝ ապրիլյան պատերազմական իրադարձություններին համայնքից մասնակցել է 11 հոգի՝ ներառյալ ինքը; Այս առթիվ բոլոր մասնակիցներին հանձնեց խորհրդանշական նվերներ և հայտնեց շնորհակալություն:

Խոսելով խնդիրների մասին՝ կարևորեց հատկապես համայնքի խոտհարքեր տանող ճանապարհների վիճակը, ինչպես նաև չկա համապատասխան տեխնիկա՝ խոտհնձի և այլ աշխատանքներ կատարելու համար: Մոտ 30հա խոտհարք գրեթե չի հնձվում նշված պատճառներով;

Քարեգահի գյուղական համայնքը գոյություն ունի շրջանի կազմավորման սկզբից, գտնվում է շրջկենտրոնից 4-5կմ հյուսիս՝ Հակարի գետի ձախակողմյան լանջերին: Համայնքը ղեկավար Մարինե Պետոյանը հաշվետվությունը ներկայացրեց գյուղի Սմբատ Թաթոսյանի անվ պատանեկան-երիտասարդության կենտրոնում: Բացի բնակիչներից ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի վերաբնակեցման և սոցապ վարչությունների պետերը՝ Ռ. Մաթևոսյանը և Վարդան Բաղդասարյանը: Քարեգահը շրջանի կայացած համայնքներից է, ունի 52 ընտանիք՝ 198 բնակչով: 2016-ին ծնվել է 7 երեխա: Ներկա պահին գյուղից 9 երիտասարդ ծառայում են Հայոց բանակում: Միջնակարգ դպրոցը բացվել է 1995-ին, այժմ ունի 19 ուսուցիչ, 28 աշակերտ: Գյուղում գործում է նաև 12 սան ունեցող «Սոսե» բարեգործական մանկապարտեզը, որտեղ աշխատում են 4 հոգի: 2016թ. համայնքի բյուջեն հաստատվել է եկամուտների գծով 6.041.000 դրամ: Պետական դոտացիան կազմել է 5.681.200, սեփական եկամուտները՝ 297.200 դրամ: Հաշվետու ժամանակում կայացել է ավագանու 8 նիստ: 2016-ին կառավարության կողմից 6 ընտանիքի հատկացվել է շինանյութ: Իրականացվել են բարեկարգման և այլ աշխատանքներ: Կարևորեց, որ արդեն սկսվել է գյուղի խմելու ջրատարի շինարարությունը; Ծրագրավորվել է բարեկարգել գյուղամիջյան ճանապարհները:

Բերձորում գործող ԱԳԱՊԵ բարեգործական կազմակերպության կողմից բուժկետին հատկացվել է հիգիենիկ պարագաներ: Տեղեկացրեց նաև, որ հաշվետու շրջանում Քարեգահի գյուղական համայնքը «Մշակութային խաչմերուկ» հանրապետական փուլում արժանացել է 3-դ մրցանակային տեղի, իսկ որպես մշակութային ակտիվ համայնք՝ Արցախի Հանրապետության համայնքների մեջ երկրորդն էր: Այս առթիվ արժանացել է պատվոգրերի և դրամական պարգևների:

Խոսելով խնդիրների մասին՝ կարևորեց գյուղի՝ բարեգործական հատկացումներով գործող մանկապարտեզի և երիտասարդական կենտրոնի դերն ու ներկա վիճակը: Մանկապարտեզը կայանում է ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ֆինանսավորմամբ, իսկ կենտրոնի աշխատանքները դադարեցվել են ֆինանսավորում չլինելու պատճառով: Քարեգահում ևս բնակչությանը հուզող խնդիրներից առաջնայինը բնակարանաշինությունն է: Կարևոր է էլ. հոսանքի կարգավորումը: Դպրոցական շենքը չի համապատասխանում կրթական խնդիրներին, չունի մարզադահլիճ:

Եղան այլ հարցադրումներ ևս: Շրջվարչակազմի ներկայացուցիչները պատասխանեցին հարցերին, տվեցին պարզաբանումներ, շնորհակալություն հայտնեցին ներկայության համար, գոհունակություն հայտնեցին, որ ապրիլյան օրերին Քարեգահից մոտ 2 տասնյակ տղամարդ մասնակից եղավ ռազմական գործողությունների և շնորհավորեցին կանանց գալիք գարնանային տոների առթիվ:

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031