Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արժանի հակահարված ստանա, բռնություն գործադրող հաստագլուխը գանգում եղած գորշ նյութին զոռ կտա». Բագրատ Եսայան

Մարտ 07,2017 13:46

«Այս ընտրապայքարի ընթացքում անհանդուրժողականությունը խորացել է, և դա պայմանավորված է Ընտրական օրենսգրքով»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ ժամանակին ԱԺ-ում մտահոգություն են հայտնել, որ Ընտրական օրենսգիրքը վտանգավոր եզրույթներ է պարունակում, ինչին այժմ առնչվում ենք: Էլինար Վարդանյանն օրինակ բերեց. «Վտանգավոր դրույթը տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն են: Ամենամեծ վատությունը, որ կարելի էր անել հասարակությանը, արվել է հենց Ընտրական օրենսգրքով»:

Տիկին Վարդանյանը նկատեց, թե հայ հասարակությանն առանց այն էլ բնորոշ է տարանջատումը՝ երևանցիներ գյումրեցիներ և այլն, իսկ այս նոր օրենքով հիմա արդեն ներսում՝ թիմերի միջև է տարանջատումը սկսել: Ըստ Էլինար Վարդանյանի՝ հենց այս փոփոխություններով են պայմանավորված դանակահարության, ծեծի դեպքերը: Ամփոփելով՝ ՕՐՕ-ի թեկնածուն նշեց. «Բոլոր նախադրյալները կան, որ հասարակությունը բաժանվելու է թիմերի ու խմբերի»:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի տղայի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստին՝ Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Այս պարագաներում նման հաղորդման հիման վրա սովորաբար քննչական մարմինները քրեական գործ չեն հարուցում: Բայց այս պահին հարուցվել է քրեական գործ, և նախաքննություն է տեղի ունենում: Մնացածը թողնում եմ հասարակության դատին»:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Զոյա Թադևոսյանի կարծիքով՝ ոչ թե ավտորիտար, այլ բռնապետական ռեժիմ է Հայաստանում. «Համատարած վախի մթնոլորտ, բռնություններ: Բռնությունները երբեք էլ հնարավոր չէ կանխել, քանի որ այսօր գործում է 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգը: Որևէ կուսակցության ձայն տալ հնարավոր չէ առանց մեծամասնական թեկնածուին ձայն տալու: Յուրաքանչյուր կուսակցություն 100 տոկոսով իր ձայները ստանում է մեծամասնական թեկնածուի շնորհիվ»:

«Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը զգուշացրեց, թե ուժի գործածումը, վախի մթնոլորտի ձևավորումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու.:

Անդրադառնալով «Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում ՀՀԿ-ականի կողմից ԲՀԿ-ական 23-ամյա Աբրահամ Ադամյանին դանակահարելու փաստին ՝ պարոն Էնֆիաջյանը պարզաբանեց. «Կատարվածն ուսումնասիրել ենք: Նախաքննություն է ընթանում: Թեև Աբրահամ Ադամյանը վիրահատություն է տարել, բայց այս պահին առողջական խնդիր չունի: Մտահոգված ենք, քանի որ թիմերում որոշ անձերի միջև ներքին տարաձայնություններ կան»:

ՀՅԴ կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը շեշտեց, թե որևէ բռնություն անթույլատրելի է ու միևնույն ժամանակ հիշեցրեց, որ ՀՀ-ում 6 նախագահական և 5 խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, ու միշտ եղել են հրապարակումներ բռնությունների մասին: Պարոն Եսայանի հավաստմամբ, թեև իրավական պատիժը պետք է լինի առաջնային, սակայն պետք է նաև դաստիարակչական աշխատանք տանել. «Եթե բռնության փորձն արժանի հակահարված ստանա, հաջորդ անգամ բռնություն գործադրող հաստագլուխը գանգում եղած գորշ նյութին զոռ կտա: Այս բռնությունները խոսում են մեր երկրում ժողովրդավարական ավանդույթների բացակայության մասին և որոշ մարդկանց այն մտայնության խորացման մասին, որ զոռբայությամբ կարելի է հասնել ամեն ինչի, ընդհուպ մինչև ԱԺ»:

Հստակեցմանը, թե հակահարված ի՞նչ նկատի ունի, պարոն Եսայանն արձագանքեց. «Առաջինն իրավական գնահատականն է, բայց նաև մեր երկրում ժողովրդավարական ավանդույթները դեռ այնքան խորը չեն եղել, որ հաղթահարեն փողոցի կամ տղայական հարաբերությունները, ոչ ֆորմալ ավանդույթները: Եթե մեկը փորձում է ոչ ֆորմալ մի բան անել, իրավական գնահատականի հետ միասին նաև պետք է այդ փողոցի օրենքին համաձայն հասկացնել, թե ինչ պատասխանի կարող է արժանանել»:

Հարցին հետևաբար ՀՅԴ-ականի ծեծած ՀՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին այդպե՞ս են հասկացնել տվել, Բագրատ Եսայանը պատասխանեց. «Չգիտեմ, բայց կարող եք հարցնել Բազմասերին՝ ինքը գո՞հ է իր արածից և արդյունքը, որն ակնկալում էր, եղե՞լ է սպասածի պես»:

Էլինար Վարդանյանը հակադարձեց, թե համաձայն չէ, որ ոչ ֆորմալ հարաբերություններին պետք է նաև ոչ ֆորմալ լուծում տալ: Պարոն Եսայանը կրկին պարզաբանեց. «Ես առաջին հերթին ասացի, որ պետք է իրավական հակահարված տալ: Երբ ասացի նաև ոչ ֆորմալ հակահարված, նկատի ունեի նաև դաստիարակչական աշխատանքը տվյալ անձի հետ: Մի մոռացեք, որ թաղում կռիվ է լինում, ոչ թե թաղով գնում են կռվի և մի կաթիլ մեղրի պատմությունը դարձնում, այլ հանդիպում են, հասկացնում տվյալ բազմասերին, որ նա սխալ է արել: Պիտի դաստիարակչական աշխատանք լինի, որ այդ մանդատը, պառլամենտ մտնելը չի կարող ավելի բարձր լինել, քան հաջորդ օրը նույն գյուղում ապրելը, հարևանություն անելը»:

Զոյա Թադևոսյանն էլ փաստեց, թե բռնությունները հիմնականում տեղի են ունենում իշխող ուժի ներկայացուցիչների միջև, և դրանք կանխելը կախված է հենց նրանից: Տիկին Թադևոսյանն առաջարկեց, որ այն թեկնածուին, որը բռնություն է կիրառում, ԿԸՀ-ն զրկի ընտրապայքարին մասնակցելու իրավունքից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031