Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերի հավաքման դրական դինամիկան պահպանվում է. «Հայոց Աշխարհ»

Մարտ 07,2017 13:11

Բյուջեի հարկային եկամուտների ապահովման առումով վերջին երկու¬երեք տարիներին ի հայտ եկած դժվարություններն աստիճանաբար հաղթահարվում են։ Արդեն երրորդ ամիսն է, ինչ անընդմեջ աճում են հարկային մուտքերը։ Այդ ընթացքում դրանք ավելացել են ընդհանուր առմամբ 20,3 մլրդ դրամով։

Հարկերի հավաքման բարելավումը սկիզբ առավ տարեվերջին։ Մի քանի ամսվա անընդմեջ անկումից հետո նոյեմբերին հարկային մուտքերի աճը կազմեց 6 միլիարդ, դեկտեմբերին՝ 7,7 մլրդ դրամ։ Ընդ որում՝ տարվա վերջին ամսին աննախադեպ էր հարկերի հավաքագրման ցուցանիշը։ Այն հասավ 103,8 մլրդ դրամի։ Ներքին հարկային եկամուտների հավաքման նման մակարդակ նախկինում երբեւէ չէր եղել։

Հարկային մուտքերի հավաքման բարելավման միտումը պահպանվել է նաեւ տարեսկզբին։ Հունվարին բյուջեի ներքին եկամուտները կազմել են գրեթե 80,3 մլրդ դրամ։ Նախորդ տարվա ցուցանիշից ավել է հավաքվել 6,6 մլրդ դրամ։ Աճը հասնում է 8,9 տոկոսի։

Հիշեցնենք, որ 2016թ. մեկնարկը հարկային մուտքերի առումով հաջող չէր։ Դրանք նվազեցին 1,5 մլրդ դրամով։ Պատկերը նույնն էր նաեւ փետրվարին, եւ դա փոփոխական դրսեւորումներով շարունակվեց մինչեւ նոյեմբեր։

Վերջին ամիսներին հարկային մուտքերի բարելավումը պայմանավորված է մի շարք գործոններով։

Նախ՝ հարկ է ասել, որ դա համընկավ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության փոփոխության հետ։ Հոկտեմբերի կեսերին ՊԵԿ նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը՝ փոխարինելով հաշված ամիսներ պետեկամուտների կոմիտեն ղեկավարած Հովհաննես Հովսեփյանին։

Վերջին ամիսներին հարկային համակարգում ակտիվ աշխատանքներ են իրականացվում վարչարարության բարելավման, կոռուպցիոն երեւույթների վերացման, հարկային հավասար դաշտի ապահովման ուղղությամբ։ Այնպես չէ, որ դրանից հետո համակարգում տարիներ շարունակ արմատավորված խնդիրներն ամբողջությամբ վերացել են, չկան կոռուպցիոն երեւույթներ, ստվերային տնտեսությունը դադարել է գոյություն ունենալուց։ Բայց որ առաջընթաց կա, ակնհայտ է։

Իհարկե միայն այդ գործոնով դժվար է պայմանավորել հարկերի հավաքման բարելավումը։ Անտարակույս դրական ազդեցություն է գործել արտաքին եւ ներքին միջավայրի բարելավումը։ Խոսքը հատկապես այն ոլորտների մասին է, որոնցից մեր երկրի բյուջետային մուտքերի կախվածությունը զգալի է։

Տեւական անկումից հետո հանքահումքային ապրանքների շուկայում գները վերսկսել են բարձրանալ։ Նոյեմբեր¬դեկտեմբերին պղինձը միջազգային շուկայում թանկացավ գրեթե 1000 դոլարով՝ տատանվելով 5,5 հազարի սահմաններում։ Միտումը պահպանվում է նաեւ տարեսկզբին։ Պղնձի գները արդեն բավական ժամանակ լողում են տոննայի դիմաց 6 հազար դոլարի շրջանակներում։ Սա կարեւոր գործոն է բյուջեի մուտքերի համար։ Վերջին երկու տարիներին դա եղել է եկամուտների թերակատարման վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Գների նվազման հետեւանքով ոլորտից ստացվող մուտքերը բավականաչափ կրճատվել են։

Այս տարի հակառակ պատկերն է։ Բնապահպանական եւ բնօգտագործման վճարները հունվարին 2,6 անգամ գերազանցել են նախորդ տարվա մակարդակը (ավելի քան 1,9 մլրդ դրամ)։ Մուտքերի աճը պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման շնորհիվ ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով ստացված եկամուտների ավելացմամբ։

 Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031