Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. Չի բացառվում, որ որեւէ պահի Ադրբեջանի իշխանությունները «Ֆեյսբուքը» փակեն

Մարտ 07,2017 13:09

«Տարիներով աճեցված Ադրբեջանի տեղեկատվական այդ փակ համակարգը, որտեղ շատ խիստ գրաքննություն է, որտեղ խմբագրին հայկական տեսանյութը տարածելու համար կանչում են դատախազություն, որտեղ մարդուն կարող են բանտարկել իշխանության հասցեին հնչեցրած քննադատության համար, չաշխատեց»,- մարտի 7-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները ազատ համակարգում սովոր չեն աշխատել. «Նույն իրենց ապատեղեկատվությունը չի աշխատում, որովհետեւ արդեն չեն հավատում, ծիծաղում են: Շատ հետաքրքիր էր նաեւ այն, որ մենք այդ օրերին սկսեցինք նաեւ ադրբեջաներեն լրատվություն տալ հենց ադրբեջանցի ընթերցողների համար եւ «Ռազմինֆո»-ի էջում հազարից ավել ադրբեջանցի միացավ եւ սկսեց հետեւել մեր գրածներին: Ճիշտ է, ամբողջ թափով ուզում էին այնպես անել, որ մենք էջը Ադրբեջանի համար փակենք՝ հայհոյանքներ էին գրում, ինչ-որ դիակների նկարներ էին լցնում, բողոքներ էին ուղարկում «Ֆեյսբուք», որ մեր էջը փակեն:

Արդյունքն այն էր, որ ոչ միայն չկարողացան փակել, այլ նաեւ մենք հատուկ ադրբեջանական ընթերցողների համար առանձին էջ բացեցինք՝ ադրբեջաներեն: Եվ ինչքան էլ իրենք հորդորում են իրենց օգտատերերին մեր էջը չմտնել, մեր էջը չընթերցել, չմեկնաբանել, այնքան շատ են ադրբեջանցիները նամակներ գրում մեզ, որ ուղղակի չենք հասցնում պատասխանել: Ընդ որում, դրանց զգալի մի մասը հայհոյանքներ են, ավելի լուրջ էլ կան՝ մարդիկ հետաքրքրվում են, մարդիկ ասում են՝ փաստացի հայերը ավելի շուտ տարածեցին սպանվածների ինքնությունների մասին տեղեկություն, քան ադրբեջանական պաշտոնական աղբյուրները»:

Կարեն Վրթանեսյանը չի բացառում, որ ինչ-որ պահի Ադրբեջանի իշխանությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը փակեն. «Բաց քննարկման, բաց բանավեճի դաշտում իրենք չեն կարողանում որեւէ բան անել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031