ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:
Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցառումների, ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025 թ․ թվայնացման գործընթացի իրագործման հիմնական ուղղությունների, ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման և գյուղատնտեսական որոշ հիմնական արտադրատեսակների առաջարկ-պահանջարկի վերաբերյալ։
Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստան այցելելու հրավերի և հյուրընկալության համար: «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ», – նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում:
Նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր:
Այնուհետև Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ի պատիվ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակների՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ