Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը՝ ռեկորդակիր. ուսումնասիրություն

Մարտ 07,2017 12:34

«Օնլայն մեդիայում ամենաշատ հիշատակումները եղել են ՀՀԿ-ի, ՕՐՕ-ի, «Ծառուկյան դաշինքի», ՀԱԿ-ՀԺԿ-ի վերաբերյալ»,-Aravot.am-ի հարցին օնլայն մեդիայի տիրույթում հրապարակումների բովանդակության հիման վրա կարո՞ղ ենք այս պահին թվարկել 5 ֆավորիտ ուժերը, որոնք առավել բարձր վարկանիշ ունեն հասարակության շրջանում, այսպես պատասխանեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

«Մեդիա կենտրոնում» նա ներկայացրեց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ստեղծված ֆեյսբուքյան նախընտրական հարթակներին և նրանց ծավալած քարոզչական գործունեությանը, ինչպես նաև 7 օնլայն ԶԼՄ-ների կողմից նախաքարոզչական փուլի լուսաբանման առանձնահատկությունների նվիրված՝ փետրվարի 15-ից մարտի 1-ը իրենց կատարած ուսումնասիրության արդյունքները:

Շարունակելով մեր հարցին պատասխանել՝ տիկին Բաղդասարյանը նշեց. «Նշված ցուցանիշը չի նշանակում, որ այդ ուժերը դրական ընդունելության են արժանանում լսարանների կողմից: Հիշենք, որ այս հիշատակումները ձևավորվել են ոչ միայն այն պատճառով, որ մեդիայի հետաքրքրությունն է առաջացնում, այլ քարոզչության ժամանակ գոյություն ունի տարբեր ԶԼՄ-ների միջև նաև մրցակցային ֆենոմեն, երբ բոլորն աշխատում են ներկայացնել ամեն ինչ և բաց չթողնել ոչ մի հանգամանք ու ելևէջ»:

Տիկին Բաղդասարյանը նշեց, որ հազվադեպ են լրագրողներն իրենց նախաձեռնությամբ անդրադարձել այս կամ այն կուսակցությանը:

Դառնալով ընտրազանգվածի տրամադրություններին և հրապարակումների արձագանքներին՝ տիկին Բաղդասարյանն արձանագրեց. «Առավելագույն լայք, շեյր և մեկնաբանությունների, կարդացվածության բարձր մակարդակի են արժանացել հիմնականում 1in.am, lragir am, aravot.am ԶԼՄ-ների նյութերը, անգամ մեկ նյութը հասել է 27-28.00 դիտման: Բայց նման հսկա լսարաններ ունեցող լրատվամիջոցների համար սրանք այնքան էլ մեծ ցուցանիշներ չեն: Հիմնականում բարձր ընթերցանության աստիճան ունեն կոլորիտային վերնագրով նյութերը՝ «Էշի քուռակն էշից առաջ է ընկնում, գելերն ուտում են» նյութն, օրինակ, լայնորեն քննարկվել է»:

Տիկին Բաղդասարյանը փաստեց, որ նախաքարոզչական փուլում ընտրությունների մասին նյութերը օրական կազմել են որոշ կայքերում 25 տոկոս, որոշներում՝ 12 տոկոս: Ըստ նրա՝ նախաքարոզչական շրջանի համար սա նորմալ ակտիվություն է:

Լաուրա Բաղդասարյանը նկատեց, որ սա առաջին ընտրությունն է, որտեղ քարոզչության ժամանակ մեծ տեղ է հատկացվում ղարաբաղյան հարցին, բանակին: Այս փաստը, ըստ նրա՝ պայմանավորված է Սեյրան Օհանյանի՝ ընտրապայքարի մասնակցությամբ և այն հանգամանքով, որ որոշ ուժեր, օրինակ, ՀԱԿ-ՀԺԿ-ն փորձում են առաջ մղել խաղաղության գաղափարախոսությունը. «Համենայն դեպս, այս քարոզարշավը դատելով հրապարակումներից՝ ավելի արտառոց չէ, քան 2013-ի նախագահական ընտրությունների գործընթացը, երբ ունեցանք մահափորձի դեպք, մի քանի հացադուլավոր թեկնածուներ»:

Դառնալով ֆեյսբուքյան տիրույթներում կուսակցությունների ակտիվությանը՝ տիկին Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենք հարցաթերթիկ են ուղարկել 9 ուժերին, միայն ՀՎԿ-ն չի պատասխանել. «Բացի «Ելքից» մյուս բոլոր ուժերը պատասխանել են, որ օգտագործելու են քարոզչության բոլոր միջոցները: «Ելքը» նշել է, որ իրենք օգտագործելու են միայն անվճար եթերը, քանի որ ունեն գումարի խնդիր: Բոլոր ուժերը կարևոր են համարում ֆեյսբուքյան հարթակը, քանի որ, օրինակ, ՀԱԿ-ՀԺԿ-ի տեսանկյունից Ֆեյսբուքի միջոցով հնարավոր է թիրախավորել ընտրազանգվածին, ՀՀԿ-ի կարծիքով՝ այստեղ կա մեծ ընտրազանգված, ֆեյսբուքի միջոցով հնարավոր է շփման մեջ մտնել երիտասարդության, սփյուռքի հետ»:

Ուսումնասիրության համաձայն՝ ռեկորդակիր է Նիկոլ Փաշինյանի էջը, որի հավանումները հասանել են 40.000-ի: Րաֆֆի Հովհաննիսյանի էջի հավանողների թիվը 33.000 է, սկսել է աճել Սեյրան Օհանյանի անձնական էջը, որի հավանումները հասել է 19.000-ի:

Տիկին Բաղդասարյանը նկատեց, թե Նիկոլ Փաշինյանն այս ընտրարշավին ամբողջությամբ տեղափոխվել է ֆեյսբուքյան հարթակ, նա կիրառում է ֆեյսբուքի ընձեռած բոլոր հնարավորությունները, մոտավորապես ինքնաասուլիսներ է կազմակերպում՝ ֆեյսբուքով պատասխանելով իրեն ուղղված հարցերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031