Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արքունիքը` վերածնված (Ֆոտոշարք)

Մարտ 07,2017 11:22

Մարտի 6-ի երեկոյան «Մեգերյան Կարպետ»-ում արքայական տրամադրություն էր, առիթը «Արքայից Արքա» խորագրով ցուցադրությունն էր: Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին հայոց պատմության մեջ կարեւոր դեր ունեցած թագավորների եւ թագուհիների վերածնված հանդերձները եւ զարդարանքները:

«Արքայից Արքա» հավաքածուի հեղինակը նկարչ-դիզայներ, արվեստագիտության թեկնածու, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն է, հագուստի նմուշները ստեղծվել են «Տերյան» մշակութային կենտրոնի վարպետների կողմից: «Մտահղացումը կար վաղուց, մեր տարազների հավաքածուն վերաբերում էր 18-19-րդ դարերին: Որոշեցինք ավելի վաղ ուսումնասիրություններ էլ ունենալ, որպեսզի հավաքածուն ավելի ընդլայնենք եւ հասկացանք, որ պետք է սկսել թագավոր-թագուհիներից»,- Առավոտի հետ զրույցում ասաց Լիլիթ Մելիքյանը:

Արքայական հանդերձները վերականգնվել են եղած մատենագրական եւ պատկերագրական նյութերի հիման վրա` ստեղծագործական մոտեցմամբ: Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին Երվանդյան, Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Արծրունյաց հարստությունների եւ Կիլիկիայի Հայկական թագավորության արքայական հանդերձների ոճով ստեղծված նմուշներ:

Լիլիթ Մելիքյանի խոսքերով` ներկայացված հավաքածուն առանձնանում է նրանով, որ հանդերձների զգալի մասը հարդարված են ասեղնագործ հատվածներով. «Հատուկ տիկնիկներ ենք պատրաստել, որպեսզի հասկանալի լինի` սկզբից կերպարներն ենք ստացել, հետո հագուստներն ենք ստեղծել: Միտք ունենք հետագայում հավաքածուն շարունակելու»:

Դիցուհիները եւ թագուհիները կրել են երկար, զարդարուն քող, շքեղ վերնազգեստ` ծոպավոր լայն ժապավենով զարդարված: Բոլոր թագավորներից մեծագույնի` Տիգրան Մեծի թագն առանձնահատուկ էր. մարգարտազարդ, ութ արեւանախշով եւ երկու կողմից արծվապատկերով: Տիգրան Մեծի որդի Արտավազդ II-ը կրել է հոր թագից, սակայն թագակապ ժապավենը տարբերվել է: Արտաշեսյանների վերջին գահակալ Էրատո թագուհու հանդերձանքն առանձնացել է թագի կատարից կրծքամաս իջնող մարգարտաշար երկար մանյակով: Հավաքածուն ամփոփվում է Հայոց վերջին թագավորության` Կիլիկիայի արքաների հանդերձանքով:

Ցուցադրությունը մեծ աշխուժություն էր առաջացրել, հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ էր հետեւում ներկայացվող նմուշներին: «Տպավորություններս հիանալի են. մեզ ներկայացվեց նշանավոր թագավորների, թագուհիների պատկերները, որոնք մենք մտովի պատկերացնում էինք, բայց չէինք տեսել: Հրաշալի կլինի, որ նման նախաձեռնություններ շատ լինեն մեր երկրում, եւ ավելի տեղեկանանք, թե ինչ պատմություն ու անցյալ ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Հանգույց» հիմնադրամի գորգերի բաժնի պատասխանատու Աստղիկ Ամիրբեկյանը:

Ցուցադրությանը ներկա էր նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայաստանից դուրս էլ ցուցադրություններ անցկացնում ենք, եւ այս հավաքածուն եւս կներկայացվի, հրավեր արդեն ստացել ենք: Շնորհակալ եմ մեզ ուղղորդող ազգագրագետին, մեզ հետ աշխատող պատմաբաններին:»,- հավելեց Լիլիթ Մելիքյանը:

Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031