ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետի պաշտոնակատարին՝ Արտեմ Թարզյանին: Շնորհավորելով պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը կարևորել է կենսառեսուրսների կառավարման գործակալության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, նշել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից վստահությունն ու անվերապահ աջակցությունը կառույցի դերի, դիրքի և նշանակության կրկնապատկման գործում:
Որպես առաջնահերթություն` Արծվիկ Մինասյանն առանձնացրել է աշխատանքի որակի բարձրացման հարցը, աշխատանքին ստեղծագործ մոտեցման, ծրագրային գաղափարների ձևավորմանը յուրաքանչյուր աշխատակցի մասնակցության անհրաժեշտությունը:Հանդիպման ընթացքում աշխատակիցների կողմից նախարարին են ներկայացվել մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար տրվել են հանձնարարականներ: Անդրադարձ է եղել բուսական և կենդանական ռեսուրսների հաշվառման, միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան աշխատանքների ներառման խնդիրներին, էկոտուրիզմի զարգացման հայեցակարգին և մի շարք այլ հարցերի:
ՀՀ բնապահպանության նախարարություն