«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր Արագածոտնի մարզում ավարտվեց Թալին քաղաքում՝ ՀԱԿ ակտիվի հետ հանդիպմամբ: Դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այստեղ եւս ներկայացրեց դաշինքի մոտեցումն Արցախյան հակամարտության լուծման հարցում, այն է՝ փոխզիջումային տարբերակը:
«Հիմա հարց է դրված՝ ՀՀ-ն գնալու է խաղաղությա՞ն, թե պատերազմի, Արցախը գոյատեւելո՞ւ է, թե ոչ: Ով չի հասկանում, որ պատերազմը կախված է բոլորիս վրա, դավաճանություն է անում հայ ազգի հանդեպ: Ժողովուրդ, մեզ մանդատ տվեք՝ գնանք խաղաղության»,-համոզմունք հայտնեց Լեւոն Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ ռազմաճակատի արդիականացման ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, բայց դա էլ է մոռացության մատնվել. «Ժողովուրդն իր հոգսերով է, իշխանությունն՝ իր ստերով»:
Այսօրվա քարոզարշավը Թալինով ավարտվեց: Դաշինքի թեկնածուներից Վարդան Մալխասյանը որպես հանդիպման վերջաբան ասմունքեց Պարույր Սեւակի «Նորօրյա աղոթք»-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ