«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավն Արագածոտնի մարզում այսօր Աշտարակից հետո շարունակվեց Ուջան համայնքում, որտեղ ՀԱԿ ակտիվին ներկայացվեց դաշինքի մոտեցումն Արցախյան հակամարտության լուծման շուրջ, այն է՝ փոխզիջումային տարբերակը (Մադրիդյան սկզբունքներ): ՀԱԿ փոխնախագահ, դաշինքի պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանը ներկաների համար մանրամասնեց, թե ինչ է ենթադրում այդ «խաղաղության ծրագիրը»:
«Պահում ենք Ղարաբաղը, Քարվաճառը եւ Լաչինը»,-բացատրեց Լեւոն Զուրաբյանը: Ներկաները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանն ինչպե՞ս կհամաձայնի դրան: «97 թվին համաձայնել էին, հիմա էլ կհամաձայնեն: Դա է պլանը: Մուկն ու կատու չենք խաղում, սա դիվանագիտություն է: Խաղաղապահ զորքեր են բերվելու՝ ազատված գոտիներում տեղակայվելու: Լուծումը դա է: Դրանից հետո 30-50 տարի կտեւի, մինչեւ հայերը եւ ադրբեջանցիները կվերականգնեն նորմալ կապերը: Եթե ստեղծվում է խաղաղության վիճակ, ժողովուրդներին հնարավորություն է տրվում շփվելու, առեւտրային կապեր հաստատելու, հարցը լուծվում է»,-հստակեցրեց Լեւոն Զուրաբյանը:
Ուջանցի տարեցներից մեկը տարակուսանք հայտնեց. «Բա Ամերիկան ու Ռուսաստանը ո՞նց կհամաձայնեն, այս կռիվը նրանց պետք է»:
Կարդացեք նաև
Զուրաբյանը հակադարձեց, թե.«Բոլորը հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը պայթյունավտանգ է: Այստեղ խառնված են Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, անգամ՝ Չինաստանի շահերը: Իրականում բոլորն ուզում են հանգցնել այդ «հրդեհը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ