Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
Սահմանադրական փոփոխությունների լավագույն դատավորը ժամանակն է, և ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ, ով է սխալ: Այս պահին այդ բանավեճի լավագույն դատավորը միջազգային փորձն է ու մեր նախկին կառավարման ձևը ունեցող երկրներում տիրող ոչ այնքան նախանձելի իրավիճակը:
Իսկ ըստ միջազգային փորձի պառլամենտական երկրները շատ ավելի զարգացած են, պառլամենտական երկրները շատ ավելի ժողովրդավար են, պառլամենտական երկրները շատ ավելի ազատ են և վերջապես պառլամենտական երկրներում այդ ամբողջի արդյունքում մարդիկ ավելի լավ են ապրում:
Բազմիցս է նշվել, որ պետության քաղաքական կայունության գրավականը քաղաքական կուսակցությունների դերի բարձրացումն է: Պառլամենտական կառավարման ձևն ու համամասնական ընտրակարգը այդ նպատակին ծառայող լավագույն միջոցներն են:
Կարդացեք նաև
Հեռու ենք այն մտքից, որ կայունությունը ու քաղաքական պայքարը հանրապետական նշանակության մի քանի քաղաքական գործիչների առկայությունն է ու նրանց անձնական վարկանիշի արդյունքում իր հետ խորհրդարանում հայտնված ու գարնանային ձյան պես հալվող ու վերացող խմբակցությունները:
Հեռու ենք նաև այն մտքից, որ քաղաքական կայունությունը քաղաքական հենարան չունեցող անհատների պայքար է:
Քաղաքական կայունությունը քաղաքական ուժերի ու դրանք կյանքի կոչող, ընտրողի կողքին կանգնած, ընտրողի կողմից ճանաչված մարդկանց պայքարի արդյունքում ձևավորված քաղաքական մեծամասնությունն է:
Միջկուսակցական պայքարը չի կարող լինել օդում, կուսակցությունների գաղափարներ կրողները մարդիկ են, ու այդ պայքարը այդ գաղափարները կրող մարդկանց պայքար է նաև, ու ոչ միայն, համապետական մակարդակում, այլ ամեն մի շրջանում, գյուղում:
Զոռբաների ու զոռբայության ժամանակները, վստահ եմ, անցյալում են: Իշխանություն ունենալով հարստանալու ժամանակները անցյալում են: Իշխանություն ունենալով բոլորից վեր դասվելու ժամանակները անցյալում են:
Հուսանք, մի օր չարախնդությունն էլ կլինի անցյալում: Հուսանք, մի օր սեփական անձից դուրս երկիր, հայրենիք, ազգ, միասնություն չտեսնելն էլ կլինի անցյալում: