Հայ հեղափոխական դաշնակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը:
Խորհրդարանում տեղ գրավելու համար ՀՅԴ-ն էլ մյուս կուսակցությունների եւ դաշինքների պես բազմաթիվ խոստումներ է տալիս, բայց ճանապարհները, թե ինչպես են դրանք իրականացնելու, չի նշում:
«Արցախ, անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» ՀՅԴ-ի ծրագրի այս բաժնում կուսակցությունը նշում է՝ «Մենք ձգտում ենք գոյատեւել որպես ազգ, կերտել Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան, ուստի հզոր, մեր անվտանգությունը երաշխավորող պետություն կառուցելուն այլընտրանք չկա»:
Հայ հեղափոխական դաշնակցությունը գտնում է, որ չկա առանձին Արցախի հարց, Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է. «Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»:
Կարդացեք նաև
Անվտանգության վերաբերյալ ՀՅԴ-ի կարծիքն է՝ «Մենք ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը: Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում եւ ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը»:
Դաշնակցությունն իր ծրագրով առաջարկում է ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար:
ՀՅԴ-ն ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ Ադրբեջանի կամ ինչպես ծրագրում է գրել՝ հակառակորդի նավթային դոլարին առաջարկում է հակադրել մեր գիտական միտքը: Ծրագրում գրված է՝ «Զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ»:
Դաշնակցությունն առաջարկում է՝ սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին. «Սպան ու զինվորը, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան»:
Ի՞նչ արժե սպայի եւ պայմանագրային զինծառայողի, դաշնակցության ասած՝ արժանավայել ապրուստը, պարզ չէ, ՀՅԴ-ն թիվ ու աշխատավարձի չափ չի նշում: Բայց մի բան հաշվի չի առել դաշնակցությունը. արժանավայել կյանքն ապահովելու համար, զինվորականին մարտի դաշտում նաեւ արժանավայել զենք է պետք, ոչ թե, ինչպես վարչապետն էր ասել՝ անորակ կերոսինով զինտեխնիկա, կամ 80-ականների զինատեսակներ: Թե չէ, մահվան դուռը գնալիս, էլ ինչ արժանավայել ապրուստի պահանջներ:
Եւ իհարկե, ՀՅԴ-ն չէր լինի հայ հեղափոխական դաշնակցություն, եթե չանդրադառնար հայ-թուրքական արձանագրություններին եւ ցեղասպանությանը:
Դաշնակցությունն առաջարկում է՝ «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցերը, բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թուլացնող որեւէ գործողություն: Ձեւավորել անհրաժեշտ դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի: Չեղարկել մեր ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները»:
Վրաստանի հետ հարաբերություններն էլ ՀՅԴ-ն առաջարկում է կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:
«Արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք համարել այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է»-ասում են դաշնակցականներն իրենց ծրագրում, եւ խոստանում՝ ամեն ինչ անել սփյուռքահայությանը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար:
ՀՅԴ-ն ասում է՝ գործադրել Հանրապետության եւ հայության տարբեր հատվածների առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման եւ օգտագործման ամբողջական ռազմավարություն:
Դաշնակցությունը չի մանրամասնում՝ սփյուռքահայությանը հայոց պետականության գործում ինչպես պետք է ներգրավեն, ասենք՝ բացառապես ֆինանսավորմա՞մբ, թե՞ օրինակ՝ լայն լիազորություններ՝ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ