Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 60 սիրիահայեր:
Մասնակիցներից յուրաքանչյուրը իր աշխատանքներում միաձուլել է հայկականն ու սիրիականը:
Անժելա Քրքյանը, որ արդեն 3 տարի է` ինչ Հայաստանում է, առաջին անգամ է մասնակցում նմանօրինակ ցուցահանդես-վաճառքի: Անժելան մասնագիտությամբ գեղանկարչուհի և գրաֆիկ-դիզայներ է, հիմա ավելի շատ տանն է աշխատում:
Ցուցահանդեսին ներկայացրել էր յուրահատուկ աշխատանքներ, արված ապակուց պատրաստված տարբեր իրերի, ինչպես նաև անձեռոցիկների վրա: Նրա աշխատանքների թեման հայն ու Հայաստանն է:
Բաժակներից մեկի վրա պատկերված Արցախի խորհրդանիշ Պապիկն ու Տատիկը , ըստ նրա, իրեն շատ հոգեհարազատ են, քանի որ երազում է այնտեղ գնալու մասին:
Չնայած մի շարք դժվարություններին, Անժելան որոշել է այլևս չհեռանալ Հայաստանից . «Ամենամեծ խնդիրը աշխատանքն է, հիմա անում եմ գրաֆիկ և վեբ դիզայն, բայց հիմնական չէ, վստահ եմ, որ ամեն ինչ հարթվելու է և մտադիր չեմ գնալ»,- ասում է նա:
Անժելան արդեն իսկ վաճառել էր մի հետաքրքիր աշխատանք. «Բաժակ էր, որի վրա գրված էր՝ չունի աշխարհը քեզ նման. երևի երիտասարդը որոշել էր իր ընկերուհուն նվիրել»:
Սիլվա Գազիզյանը ներկայացել էր ավանդական ձեռագործ աշխատանքներով, որոնց համար Հալեպում հատուկ դասընթացների է գնացել, բայց վաճառքի հետ այնքան էլ հույսեր չէր կապում: «Սա ուղղակի ներկայացված է որպեսզի մարդիկ ծանոթանան, և չեմ կարծում, որ սրանով հնարավոր է ապրել»,-ասում է նա:
Ցուցահանդեսում զարդերից, ձեռագործ աշխատանքներից, ոսկերչական իրերից բացի` ներկայացված էր նաև սնունդ:
Տիկին Հնազանդ Մանուկյանը իր ամուսնու հետ Հայաստան է բերել սիրիական մի շարք ուտեստների և համեմունքների շունչը, որոնք ըստ նրա հաճույքով են ընդունվել հայերի կողմից: Տիկին Հնազանդը շատ է պատրաստում նաև հայկական ուտեստներ, բայց այժմ ներկայացրել է միայն սիրիականները. «Ցուցահանդեսը հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ գնեն մեր պատրաստածները, ծանոթանան սիրիական մշակույթին ինչու չէ նաև մեզ, քանի որ ապագայում նախատեսում ենք հիմնել սիրիական խանութ»:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մարտի 7-ը` ժամը 19:00, հասցեն՝ Աբովյան 52ա:
Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ