Թեև այսօրվանից քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, սակայն Գյումրիում դեռ նախընտրական շունչը չի զգացվում․ որևէ կուսակցության կամ վարկանիշային թեկնածուի ցուցապաստառ անգամ փակցված չէ այս քաղաքում։ Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գյումրիում ընտրությունները մշտապես եղել են աղմկոտ, ուղեկցվել են սկանդալներով, մենք քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեցինք, թե ինչո՞վ կբացատրի նման խորհրդավոր հանգստությունը։
«Նախ պետք է նշեմ, որ քարոզարշավը Հայաստանում շատ վաղուց է սկսվել, և բավական բացասական տեսանկյունից է սկսվել, երբ Մասիսում, Երևանում, Փարպի, Սայաթ-Նովա գյուղերում տեղի ունեցան ծեծկռտուքներ նույն կուսակցության կամ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջև։ Այնպես որ, քարոզարշավը ոչ պաշտոնապես վաղուց է սկսվել, իսկ պաշտոնապեսը երեկ է սկսվել, բայց հասարակությունն արդեն սովոր է այդ քարոզարշավին։ Բացի այդ Շիրակի մարզի թեկնածուներից մեկը մի քանի օր է իր մասին ֆիլմն արդեն հեռարձակում է տեղի հեռուստաընկերություններից մեկի վճարովի եթերով։
Ես ձեզ ասեմ հետաքրքիրը որն է, նոր ընդունված Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քարոզարշավը կանոնակարգող պահը բավական խիստ է, քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ունեն հավասար իրավունքներ։ Այսինքն` սահմանափակ է քաղաքական ուժերին և նրանց թեկնածուներին տրվող ժամաքանակը, այսինքն, եթե այդ կուսակցությունը ունի ահռելի մեծ ֆինանսական ռեսուրսներ և ունի հնարավորություն բավական մեծ քանակությամբ քարոզարշավային նյութ հրապարակելու, ինքը դա չի կարող անել, որովհետև, ըստ օրենքի, տրամադրված է X քանակությամբ ժամանակ։
Կարդացեք նաև
Եթե նույնիսկ թեկնածուն այդ X քանակությունը չի օգտագործում համապատասխան օրը, ինքը չի կարող կուտակել և վերջին օրը ինչ-որ միջոցներ փնտրել, 15 կամ 20 րոպեանոց տեսահոլովակ կամ կարճամետրաժ ֆիլմ մատուցել հանրությանը, դա կորցրեց ինքը։ Բացի դրանից ոչ մի թեկնածու իրավունք չունի իր ցուցապաստառը փակցնել իր շտաբի վրա, դրա համար դուք բացարձակ չեք տեսնում շատ ակտիվ մասնակցություն թեկնածուների շտաբների մոտ։ Ես ինչքան տեղյակ եմ Գյումրիում ՀՀԿ-ի 13 թեկնածուներից ընդամենը 3-4-ն են ունենալու գովազդային նախընտրական ցուցապաստառ։
Եվ դրա դիմաց համապատասխան գումար է վճարում կուսակցությունը։ Այսինքն` վարկանիշային թեկնածուները իրավունք չունեն բացարձակ սեփական նախաձեռնությամբ գումարներ ծախսել իրենց քարոզարշավը տանելու համար։ Մեդիա դաշտում նաև ցուցապաստառների պահով է խստացված․ ես ձեզ այլ տեղեկություն տամ, եթե որևէ թոք շոու անձնակազմ հրավիրում է որևիցե թեկնածուի իր մոտ որպես հյուր, ապա մյուս բոլոր թեկնածուները իրավունք ունեն մասնակցելու այդ թոք շոուներին կամ հաղորդումներին։
Եթե հեռուստաընկերությունը շանս տվեց մեկին մասնակցելու, մնացածներին ևս շանս պիտի տա, եթե մերժեցին, մեծ խնդիրներ կունենան ըստ օրենքի։ Հենց սրանով է պայմանավորված, որ մենք շատ քիչ ակտիվություն նկատեցինք տեղի հեռուստաընկերություններով, և եթե դուք ուշադիր եք, հիմնական ակտիվությունը համապետական հեռուստաընկերություններով է, որոնք հեռարձակում են կուսակցությունների գովազդային տեսահոլովակները, կոնկրետ վարկանիշայիններից որևիցե մեկի անունը մենք մինչև հիմա չենք լսել։
Իմ կարծիքով, բավական խնդիրներ կան գովազդային տեսանյութերի պատրաստման առումով, որովհետև, իմ ունեցած տեղեկություններով, շատ քիչ թեկնածուներ են տեղական հեռուստաընկերություններին ներկայացրել իրենց գովազդային նյութերը։ Այսինքն` այստեղից հետևություն, այն թեկնածուները, որոնք ներկայացված են վարկանիշային տարբերակով, շատ մեծ խնդիրներ են ունենալու, որովհետև հիմնական նրանց շեշտը այդ շոուների վրա էր, գովազդների վրա էր։ Հիշում եք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երբ որ ամբողջ քաղաքը պատված էր 2-3 ուժերի ներկայացուցիչների նկարներով, հիմա այդպիսի բան չեք տեսնի, որովհետև օրենքը դա արգելում է»։
Ըստ քաղաքագետի, աշխուժացումը կլինի քարոզարշավի վերջին շրջանում՝ 10-15 օրից։ Գագիկ Համբարյանի բնութագրմամբ, այժմ թեկնածուների շտաբները զբաղված են ցուցակների ճշգրտմամբ, տեղի է ունենում, այսպես ասած, ցուցակային պայքար, թեկնածուների շտաբների աշխատակիցները, ընկած տնետուն, ճշտում են մարդկանց քանակը, ներկա-բացակա են անում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ