Այսօր Ավանում «ԵԼՔ» դաշինքի անդամները Նիկոլ Փաշինյանի հետ շրջեցին փողոցներով եւ նախընտրական քարոզարշավ արեցին:
Կանգառներից մեկում մի բնակիչ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Կարողանալո՞ւ եք մի բան անեք»: Փաշինյանը պատասխանեց, որ նրանք պետք է անեն, իսկ իրենք դրա շարունակությունն են անելու: Ավանցին հիասթափված էր. «Էդքան ընտրեցինք, ո՞ր մեկը դարձավ, չկարացան տեր կանգնեն: Մի հարց տամ ձեզ, էսքան պասպորտները ԺԵԿ-ից հավաքում են, դրա հետեւանքը ի՞նչ է լինելու, ինչի՞ համար են հավաքում»:
Ի պատասխան՝ պատգամավորը հարցրեց՝ իսկ ինչո՞ւ են քաղաքացիները իրենց «պասպորտը» տալիս:
Կարդացեք նաև
Բնակչի խոսքերով՝ «Ծանոթ է, բարեկամ է, նեղն են գցում՝ տալիս են»: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ձեւը մեկն է, պետք է ընտրեն, որ անցնի: Ավանցին չհամոզվեց՝ միշտ էլ ընտրել ենք՝ ոչինչ չի եղել. «Էն անգամ Դեմիրճյանին ընտրեցինք՝ տեր չկանգնեց, «Ժառանգությանը» ընտրեցինք՝ տեր չկանգնեց»:
Պատգամավորը բացատրեց, որ քանի դեռ այս Սահմանադրությունը գործում է, այս ընտրություններով ե՛ւ ԱԺ-ն են ընտրում, ե՛ւ կառավարություն են ընտրում, ե՛ւ նախագահ: Այն Ազգային ժողովը, որ ընտրվեց, բոլոր մարմիններին ինքն է ընտրում:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց. «Եթե առաջինը ժողովուրդն ինքն իրեն հուսախաբ չանի, մենք հուսախաբ չենք անի, ես դա երաշխավորում եմ…Իմաստուն ժողովուրդը պետք է իմաստուն առաջնորդ ընտրի, ես հավատում եմ, որ մեր ժողովուրդն իմաստուն է, այնպես որ՝ ելք կա»:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում այդ բնակիչն ասաց, որ հավատում է Փաշինյանին, բայց 25 տարի հավատաս ու ոչ մի բանի չհասնես՝ դա էլ մի բան չէ:
Երբ «ԵԼՔ»-ի անդամները՝ Մանե Թանդիլյանը թիվ 15 երթուղային մտան, որ բուկլետներ բաժանեն, վարորդը բարկացած սկսեց վարել մեքենան՝ դռները բաց: Թանդիլյանին մի կերպ հաջողվեց ընթացքից իջնել գազելից: Նիկոլ Փաշինյանը հետեւից բղավեց՝ երթեւեկության կանոնները մի՛ խախտիր, ելք կա, դուռդ էլ բաց է:
Ավանցիներից մեկն էլ՝ մի տարեց պապիկ Նիկոլ Փաշինյանին վստահեցրեց, որ Հայաստանում էլ ելք չկա, ելքը դեպի դուրսն է՝ արտերկիր:
Փաշինյանը պատասխանեց. «Էդ չի ելքը: Ելք բառը գիտե՞ք որտեղից է գալիս, գալիս է Աստվածաշնչից: Երկրորդը՝ Աբրահամի ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ, եկավ իր հայրենիքը, մենք ուզում ենք այնպես անենք, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ժողովուրդը ելք անի եւ վերադառնա Հայաստան: Դրա համար ՀՀ-ում պետք է այնպիսի փոփոխություններ լինեն, որ այստեղ ապրելը ոչ թե պրոբլեմ լինի, այլ մարդիկ հնարավորություն ունենան այստեղ ապրելու: Չհուսահատվեք:»:
Պապիկի խոսքերով՝ 5 սերունդ էլ փոխվի՝ դեռ հարց է՝ կլինի՞ այդ փոփոխությունը, թե՞ չի լինի: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ 5 սերունդ առաջ էլ են այդպես ասել, ինչպե՞ս կարելի է հիմա չանել ու թողնել 5-րդ սերնդի վրա, հետ գցել. «Հիմա է ժամանակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ