Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունների մշակած քայլերը չեն բավարարում, արտագաղթը չի կանխվում». Տաճատ Սարգսյան

Մարտ 06,2017 18:35

«Սով, արտագաղթ, կոռուպցիա, կաշառակերություն. իշխանությունների մշակած քայլերը չեն բավարարում, արտագաղթը չի կանխվում, մենք մեր մշակած ծրագրով պետք է ուղղակիորեն պահանջենք իշխանություններից՝ հարկավոր է մտածել աշխատատեղեր ստեղծելու մասին»,-այսօր մեկնարկած կոմկուսի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Ըստ նրա, Սահմանադրությամբ ամրագրված է՝  ընդերքը, հանքանյութը, հումքը ժողովրդի սեփականությունն են, փոխանակ դա վագոններով բարձել ու տեղափոխել հանրապետությունից, պետք է մտածել ներդրումներ կատարել.«Որ շահույթն ավելի շատ մնա այստեղ, փոխանակ դա օլիգարխների ձեռքը տալու: Մենք այն կարծիքին ենք՝ ժամանակն է, որ բանկերի նկատմամբ պետությունը վերահսկողություն սահմանի, բանկերը պետք է սպասարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացմանը, պետական հատվածն ավելի մեծ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման հարցում: Ժամանակն է, որ մասնատված գյուղական տարածքները խոշորացվեն, գյուղերում պետք է կոոպերատիվ տնտեսություն սկսել»:

Պարոն Սարգսյանի գնահատմամբ, գիտության ոլորտը խայտառակ վիճակում է. «Ինչ է նշանակում ՀՆԱ-ից գիտության ոլորտին առանձնացնել 0,1 տոկոս,  առաջավոր երկրներում հատկացումները 2-4 տոկոս են կազմում, պետք է զարկ տանք ռազմական արդյունաբերությանը…Մեզ շատ են հարցնում՝  որտեղ էիք, չէիք երեւում, հանկարծակի Աժ մտնելու քայլ եք անում, ինչու դաշինք չեք կազմում, մենք դաշինք ենք կապել 1920 թվականից, մենք մեր ժողովրդի դաշնակիցն ենք»:

Կոմկուսի առաջին քարտուղարը վստահ է՝ իրենց համար պարարտ հող կա ԱԺ մտնելու: Նա հիշեցրեց իրենց կարգախոսը՝ «հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»,-ապա ասաց՝ եթե հաղթեն, կհաղթի ժողովուրդը. «Կոմունիստներիս հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»:

«Անհրաժեշտ է սոցիալական արդարություն եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար հավասար պայմաններ ապահովել:  Մենք ընտրությունների ենք գնում հասարակության տնտեսական եւ հոգեւոր վերածննդին առավելագույնս նպաստելու նպատակով», -Տաճատ Սարգսյանին շարունակեց Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա առանձնացրեց  արտաքին քաղաքականության ոլորտում Կոմկուսի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների հետ  ռազմաքաղաքական  կապերի  ամրապնդում եւ զարգացում, ԵԱՏՄ, ինչպես նաեւ Չինաստանի ու բարեկամ այլ երկրների հետ  առեւտրատնտեսական, գիտատեխնիկական  հարաբերությունների ընդլայնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031