«Եկեք ծայրահեղ մոտեցմամբ անդրադառնանք հարցին` ռուսներ, դուք վատն եք, Ադրբեջանին զենք եք վաճառում, իսկ Ռուսաստանն էլ, ենթադրենք, ասում է, թե այո, այսուհետ զենք չենք վաճառելու: Եվ ի՞նչ՝ Ադրբեջանը զենք կգնի ԱՄՆ-ից: Ի՞նչ է անելու Հայաստանը, փակելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանությո՞ւնը, խզելու է ԱՄՆ հետ դիվանագիտական հարաբերություննե՞րը»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոսիա 24» հեռուստաընկերության վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը՝ պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինելու հարցին:
Բանախոսը նկատում է` աշխարհում կա սպառազինության երկու խոշոր մատակարար՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, իսկ մատակարարում նշանակում է մրցակցություն տարածաշրջանում ազդեցության համար. «Եթե Ադրբեջանին ԱՄՆ-ը զենք վաճառի, ի՞նչ կստացվի: Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան է գտնվում: Ի՞նչ կլիներ, եթե այն տեղակայված չլիներ Հայաստանում, պատկերացրեք: Լրիվ այլ աշխարհաքաղաքական դասավորվածություն կունենայինք: Իսկ ռուսական զենքը հայտնվեց այնտեղ ե՞րբ. այն Ադրբեջանում էր դեռ խորհրդային ժամանակներից»:
Վլադիմիր Սոլովյովը վստահ է` Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա Դմիտրի Կիսիլյովին էլ հայաստանցի լրագրողները հիշեցրեցին աղմուկը, որը Հայաստանում բարձրացավ նրա նախորդ այցելության ժամանակ:
Հիշեցնենք, Դմիտրի Կիսելյովը դժգոհություն էր հայտնել, թե հայ տաքսու վարորդը ռուսերեն խոսել չգիտի ու ասել էր, որ ռուսերենի կարգավիճակը Հայաստանում պետք է վերանայվի: Վերհիշելով տեղի ունեցածը՝ նա ասաց, որ ինքը զարմացել է, որ երիտասարդը ռուսերեն չգիտի ու խոստովանել այդ մասին, բայց Հայաստանում աղմուկ է բարձրացել նրանից, որ ինքը ասել է, թե ռուսերենը Հայաստանի անվտանգության ապահովման գործոններից է: «Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան: Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում: Կարող եմ բանավիճել այս թեմայով ցանկացածի հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ