Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստվերում մնացածներ, չկողմնորոշվածներ և ռեբրենդինգ. ո՞ր ուժն է գրագետ քարոզարշավ անում

Մարտ 06,2017 18:25

«Որքան էլ տարօրինակ է, ամենաշատը թարմություն բերեց Հանրապետականը»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի քարոզչական մեկնարկը նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա` սպասվում էր, որ ՀՀԿ-ն չինովնիկական և կարծրացած մոտեցումներ առաջ կբերի, բայց քարոզարշավի առաջին օրվա դրությամբ թարմությունը նկատելի էր: Կարեն Քոչարյանի համոզմամբ` սա ոչ թե ՀՀԿ-ի, այլ Կարեն Կարապետյանի մոտեցումն է. «ՀՀԿ-ն բավականին լուրջ ուղերձ թողեց առաջին տասնյակով, որ գնում է երիտասարդացման և սերնդափոխության, որը երեկ հաստատեց հոլովակով: Հոլովակը շատ լավ է ստացվել: ՀՀԿ-ն փաստացի հասկացնում է, որ գնում է ռեբրենդինգի: Հոլովակում չկա որևէ ՀՀԿ-ական, բացի Կարեն Կարապետյանից և ի դեմս Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ն գնում է ռեբրենդինգի»:

Քաղտեխնոլոգի տպավորությամբ` «փոփոխվենք, փոփոխվենք, փոփոխվենք» ուղերձը կա գրեթե բոլոր ուժերի մոտ, սակայն ՀՀԿ-ի դեպքում դա ներդրված է նաև կարգախոսի մեջ:

Հետաքրքրվեցինք` արդարացվա՞ծ է արդյոք «Ռեինկարնացիա» խմբի շուրջ ստեղծված աղմուկը, մասնավորապես ՀՀԿ-ի քարոզչական հոլովակում երգելու առնչությամբ, պարոն Քոչարյանը հարկ չհամարեց այդ հարցին անդրադառնալ` նշելով, թե այդ հարցին առավելագույնը կանդրադառնա ֆեյսբուքում: Հիշեցնենք, որ «Ռեինկարնացիան» կոչով դիմել էր բոլոր «դատարկագլուխներին ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակում երգելը չքաղաքականացնել»:

Այս առիթով քաղտեխնոլոգը միայն նկատեց, թե խումբը սխալվեց` անելով նման հայտարարություն. «Մնացածում ոչ մի խնդիր չեմ տեսնում:  Խումբ է, դիմել են, արել է: Կարող էր ասել, թե արել ենք Կարեն Կարապետյանի համար, քանի որ նա, ի տարբերություն ՀՀԿ-ի, ընկալվում է շատ ավելի լավ»:

Ըստ պարոն Քոչարյանի` գրագետ քարոզարշավ է անում «Ազատ դեմոկրատները». «Նրանք միանշանակ ընկալվում են որպես ամերիկամետ: Միակ ուժը, որ փաստացի հայտարարել է, որ պետք է դուրս գալ ԵՏՄ-ից և եվրաասոցացման ուղին բռնել, մտնել ՆԱՏՕ, դա այս ուժն է: Արևմտամետ ընտրազանգվածը հենց այդ ուժին կընտրի: Այս առումով  բավականին թիրախավորված ու գրագետ է նրանց մոտեցումը»:

Ի տարբերություն «Ազատ դեմոկրատների»` կողմնորոշման խնդիր ունի «Ելքը». «Էդմոն Մարուքյանն ընկալվում է որպես ավելի հանգիստ, Նիկոլ Փաշինյանը ավելի արմատական ուժ: Արամ Սարգսյանն ընկալվում է որպես ամերիկամետ, Էդմոն Մարուքյանը` եվրոպամետ, Նիկոլ Փաշինյանը դեռ անհասկանալի է, մանավանդ, եթե հիշենք, որ երկար տարիներ «եվրոյոնջաներ» արտահայտությունն էր օգտագործում»:

Մեր հարցին` «Ելք»-ի քարոզարշավում դրայվ տեսա՞ք, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ես «Ելքից» դրայվ, երիտասարդական մոտեցումներ ավելի շատ էի սպասում»:

Մեր այն հիշեցմանը, թե հարցումները ցույց են տալիս, որ այս պահին ավելի բարձր վարկանիշ ունի «Ծառուկյան դաշինքը», քան ՀՀԿ-ն, պարոն Քոչարյանը դա զարմանալի չհամարեց. «Նույն կերպ, ինչպես ՀՀԿ-ում կա մեկը, ում համար պետք է ձայն տան` Կարեն Կարապետյանը, այնտեղ էլ կա Գագիկ Ծառուկյանը»: Տեխնոլոգիական առումով «Ծառուկյան դաշինքի» քարոզարշավի մեկնարկը Կարեն Քոչարյանը սովորական համարեց:

ՕՐՕ-ի մասին քաղտեխնոլոգն ասաց, թե փորձում են արմատական ընդդիմության գիծը վերցնել, ինչը պետք է և կվերցնի Նիկոլ Փաշինյանը. «ՕՐՕ-ն ունի երկու մեծ խնդիր: Եթե դա միայն «Համախմբումը» լիներ, արմատականությունն ավելի կդիտվեր, քան երբ կա Րաֆֆի Հովհաննիսյան, որը բազմիցս ապացուցել է, որ ինքը երբեք ռադիկալ բաների չի գնում.  առավելագույնը, որ անում է, աղոթում է: Սեյրան Օհանյանը չի կարող արմատական լինել, քանի որ ընդամենն օրեր առաջ այն ուժի հետ էր, որին այսօր քննադատում է»:

Ըստ Կարեն Քոչարյանի` ՀԱԿ-ը ստվերում մնաց. «ՀԱԿ-ն այն քիչ ուժերից է, որ ունի գաղափարախոսություն, այլ խնդիր է` դա դո՞ւր է գալիս մարդկանց, թե` ոչ: Բայց դա գաղափարախոսություն է»: Կարեն Քոչարյանը կասկածում է, թե ՀԱԿ-ի` խաղաղության գաղափարախոսությունն այսօր կաշխատի, երբ սահմաններում այսքան լարված է. «Չեմ ուզում առաջին օրով եզրակացություններ անել, քանի որ նույն ՀԱԿ-ը բազմիցս ցույց է տվել, որ բավականին կրեատիվ մոտեցումներ ունի. չմոռանանք, որ տասը տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ռեփ էր երգում, պարում երիտասարդների հետ: Դեռ պարզ չէ, թե այժմ ինչ կլինի: Ուժերը դեռ ոչ բոլորն են բացել իրենց խաղաթղթերը»:

Անդրադառնալով «կաշի քերթողներին»` ՀՎԿ-ին, քաղտեխնոլոգը կանխատեսեց, թե նրանց պոպուլիստական խոստումները, որ 2000-ականների սկզբներին աշխատում էին, այժմ հազիվ թե աշխատեն, քանի որ այդ լյումպենացված ընտրազանգվածը նաղդը թողած նիսյայի հետևից չի ընկնի ու կողմնորոշված է դեպի Գագիկ Ծառուկյան. «Դա լյումպենացված մասսան է` սոցիալապես անապահով, որոնց համար ՕԵԿ-ի` 2000-ականների խոստումները փաստացի դարձել են բարեգործական ակցիաներ, արդեն ռեալ ակցիաներ Ծառուկյանի կատարմամբ»:

Դաշնակցության համար պարոն Քոչարյանը բարդ ժամանակներ է կանխատեսում, քանի որ ըստ նրա` ՀՅԴ-ի ընտրազանգվածը, թեև հավատարիմ է, բայց գնալով պակասում է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031