«Մեզ ի՞նչ եք բերել»,- այսօր Ավանում բնակիչներից մեկը այսպես դիմավորեց նախընտրական քայլարշավ անող ու բուկլետներ բաժանող «ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին:
Վերջինս պատասխանեց. «Գաղափար, ելք, ուրիշ բան չենք բերել»: Պապիկները հարցրեցին, թե ելք դեպի ո՞ւր է խոստանում պատգամավորը: Նա պատասխանեց. «Ելք՝ այսօրվա վիճակից ու գնալու ենք դեպի պայծառ ապագա»:
ԵԼՔ դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը թերահավատ բնակիչներին հարցրեց. «Եղե՞լ է, որ Նիկոլին վստահեք ու հուսախաբվեք»:
Նիկոլ Փաշինյանն էլ նրանց բացատրեց. «Եղել է, որ փողոցում մեզ մարդիկ ասել են՝ դե մի բան արեք, փոխեք: Պայմանը հետեւյալն է՝ մեզ ընտրում եք, մեզնից պահանջում եք: Բացառվում է, որ մարդիկ մեր օգտին քվեարկեն ու էդ փոփոխությունը տեղի չունենա: Չի կարող այդպիսի բան տեղի ունենա: Ես անձնապես երաշխավորում եմ դա, ես ինձ համարում եմ դրա քաղաքական պատասխանատուն: Սա ինչի՞ համար է կարեւոր, որովհետեւ ՀՀ-ն ունի սեփականատեր, դա ժողովուրդն է, այն ընտրողները, որ գնում են ընտրատեղամաս»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանն էլ իր կողմից երաշխավորեց. «Իմացեք, որ որեւէ ձայն չի կորելու, որը կտրվի «ԵԼՔ»-ին: Մենք բոլոր վստահված անձերով ամեն ինչ վերահսկելու ենք»:
Բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանին ցույց տալով «ԵԼՔ»-ի բուկլետի երեսին փակցված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի լուսանկարը՝ ասաց. «Ես սաղին ճանաչում եմ, բա սա՞ ինչ գործ ունի ձեր հետ»: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ իրենց դաշինքը ձեւավորվել է 3 կուսակցությունների միավորումից, բոլոր քաղաքական առաջնորդները արժանի են վստահությանը: Պապիկը միանգամից վրա եկավ, թե՝ «Ես նրան չեմ վստահում»:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց. «Որեւէ մեկին վստահո՞ւմ եք, ում վստահում եք՝ նրան կքվեարկեք: Մեկ ուրիշն էլ նրան է վստահում, ինձ չի վստահում, էն մյուսն էլ մյուսին է վստահում: Պատճառ չգտնեք, քվեարկեք մեզ»:
Մենք այդ պապիկին հարցրեցինք, թե ինչո՞ւ չի վստահում Արամ Սարգսյանին եւ չի ուզում նրա օգտին քվեարկել: Նա պատասխանեց. «Նա վարչապետ ա եղել, ի՞նչ ա արել էն ժամանակ, որ հիմա ինչ անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ