«Հիշելով անցած ընտրարշավը ինձ մոտ կա դեժավյուի եւ նոր հնարավորություններ տեսնելու հիմքեր»,- մարտի 6-ին «Դեբատ» բանավեճի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշեց, որ արդեն երրորդ անգամ է առաջադրվում թիվ 1 ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու. «Թերեւս մի քանի բան կար, որը ինձ կրկին ստիպում էր վերառաջադրվել, այս անգամ կրկին ռեյտինգային ընտրակարգով: Նախ առաջինը, երկու անգամ ես համոզվել եմ, որ այդ ընտրատարածքում ինձ հավատացող, իմ աշխատանքը գնահատող հազարավոր մարդիկ կան: Ես անցած ընտրությունների ժամանակ հավաքել եմ շուրջ 10 հազար ձայն: Այդ ընտրատարածքը ընդգրկում էր միայն Ավան եւ Նոր Նորքի 2-րդ զանգվածը, այս անգամ, ինձ համար պատիվ է նաեւ իմ անհատական արժանիքների թեստը անցնել ավելի մեծ ընտրատարածքում, որը ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջանները եւ Նոր Նորքի բոլոր զանգվածները»:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ոչինչ չի փոխվել ընտրապայքարի մեթոդների հարցում, քանի որ կրկին սուր եւ անհավասար պայքար է իշխանության ներկայացուցիչների եւ ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերի միջեւ. «Ես գիտեմ՝ որն է իմ առավելությունը՝ հակառակ իմ մրցակիցների: Ես չորրորդ գումարման Ազգային ժողովում, համաձայն Պարլամենտ Մոնիթորինգի դիտարկումների, եղել եմ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը, որը հազարավոր հարցեր է բարձրացրել: Դա միայն եւ միայն խոսք չէ, եթե ասում ենք հազարավոր հարցեր, դա նշանակում է հազարավոր խնդիրներ: Հետաքրքիր բան է ստացվել՝ տակավին վերջերս տեսա համեմատությունը նախորդ պատգամավորության շրջանում ունեցած իմ ելույթների եւ իմ նախկին մրցակցի ելույթների: Իմ նախկին մրցակցի՝ Ռոբերտ Սարգսյանի վերաբերյալ Պարլամենտ Մոնիթորինգը բացահայտել էր 0 հարց, 0 ելույթ եւ 0 ցուցանիշ: Բավականին սեւ ու սպիտակ է իշխանության թեկնածուների եւ իմ միջեւ ընտրություն կատարելու հարցը»:
Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ հիմնական մրցակիցը իշխող Հանրապետականն է, եւ իր հիմնական մրցակիցներին համարում է այդ կուսակցության առանցքային թեկնածուներին, որոնք մրցապայքարի մեջ են: Ընտրություններին մասնակցելու մյուս դրդապատճառը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, իր եւ Անահիտ Բախշյանի համար այն է, որ միջազգային տարբեր հարթակներում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ թույլ չեն տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ հակահայկական զեկույցի ընդունում. «Սա մի ցուցանիշ է, որի համար, այո՛, մենք կարող ենք հպարտանալ: Անկեղծ ասած, խորհրդարան եւ ակտիվ քաղաքականություն վերադառնալու իմ դրդապատճառը պայմանավորված էր լրջագույն բացթողումներով, որոնք թույլ տվեց այս խորհրդարանը, եւ առնվազն մի քանի վտանգավոր զեկույցներ ընդունվեցին: Խոսքը առաջին հերթին Սարսանգի ջրամբարի մասին է, որը բառացիորեն ապրիլյան պատերազմից առաջ ընդունվեց, եւ ոչ ամենեւին պատահականորեն, որովհետեւ Իլհամ Ալիեւին թուղթ է պետք, որտեղ գրված լինի, որ այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ