Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ամեն դեպքում պետք է պատրաստվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մարտ 06,2017 18:20

«Ապրիլյան ձախողումներից հետո Ադրբեջանը լուրջ քաղաքական գործոններ է կորցրել: Այդ ամենը վերականգնելու համար իշխանությունները փորձում են պատերազմի իմիտացիայի միջոցով ստանալ մի իրավիճակ, որտեղ թե միջնորդները, թե միջազգային հանրությունը կփորձեն հայկական կողմերի հետ Ադրբեջանի բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու մի նոր գործընթաց»,- «Հենարան» մամուլի ակումբում արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանի լարվածությունների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով, նման ճանապարհով Ադրբեջանը փորձում են խուսափել ապրիլյան քաղաքական ձախողումներից: Դա քաղաքական ճանապարհով Ադրբեջանին չի հաջողվում, դրա համար էլ մնում է ռազմական ուղին:

«Ես ավելի քան համոզված եմ, և վերջին դեպքերը դրա վառ ապացույցն էին, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով այդ հարցը չի կարող լուծել, որովհետև ապրիլին տված նրա կորուստները մեծ էին: Նման հարձակման համար Ադրբեջանը պատրաստված համապատասխան մարդկային ռեսուրս չունի: Մենք տեսանք, թե ինչով ավարտվեց վերջին դեպքը, և ինչպես ամեն ինչ կանխվեց Արցախի բանակի ստորաբաժանումների կողմից: Հետևաբար, քանի որ չկա պատերազմ սկսելու պոտենցիալ, գոնե իմիտացիա պիտի ստեղծվի: Ադրբեջանը պիտի ցույց տա, որ ամեն ինչ լարված է, օգտագործի թնդանոթներ և այլն»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով սահմանային լարվածության մեկ այլ պատճառ է Ադրբեջանի պարենային ճգնաժամը, տնտեսական վիճակը: Այս պահին դժվար է Ադրբեջանի համար հարաբերություն կառուցել արևմտյան աշխարհի կամ Ռուսաստանի հետ:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ադրբեջանը փորձելու է ճնշելու քաղաքականությամբ զբաղվել, և, ըստ էության, այժմ ստիպում է, որ Հայաստանը և Արցախը կատարեն ընտրություն. դիվանագիտության ոլորտում Արցախի միջազգային ճանաչման գործընթաց, ռազմական դեպքում՝ կանխարգելիչ հարվածներ և Ադրբեջանի զինված ուժերի հնարավոր բոլոր կետերի ոչնչացում:

Հարցին՝ արդյոք այս օրերի լարվածությունը կախված է Հայաստանի նախընտրական վիճակից, բանախոսը պատասխանեց, որ ընտրությունները կարող են լինել պատճառներից մեկը. «Չնայած փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սպասում է՝ գործընթացները խորանան՝ լավ հասկանալով, որ եթե կա արտաքին սպառնալիք, Հայաստանում բոլորը մի կողմ են թողնում պառակտությունները և զբաղվում արտաքին սպառնալիքով»:

Բանախոսի համոզմամբ, պատերազմի ամեն դեպքում պետք է պատրաստվել: Թերագնահատել կամ արհամարհել Ադրբեջանից բխող սպառնալիքները, երբեք չի կարելի: Փորձն էլ ցույց է տվել, որ երբ Ադրբեջանի ձեռքում հարմար առիթ և համապատասխան ռեսուրսներ են հայտնվում, նրանք դիմում են պատերազմական գործողությունների: «Այո, պետք է պատրաստվել պատերազմին, առաջին հերթին այդ պատերազմը թույլ չտալու համար. սա դարավոր ճշմարտություն է, որը առավել քան ակտուալ է հիմա: Եթե Ադրբեջանը շարունակի այս լարվածությունը պահել, ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում որևէ մեկը չի պատրաստվում երկար հանդուրժել շաբաթվա մեջ մեկ կամ երկու զոհ ունենալու փաստը: Հետևաբար` մենք ստիպված ենք լինելու որոշակի գործողություններ անել և դրա համար պետք է պատրաստ լինենք սցենարի բոլոր հնարավոր զարգացումներին»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031