Ավանում այսօր ԵԼՔ դաշինքի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլարշավ արեցին: Նրանք շրջում էին փողոցներով, մտնում խանութներ, դեղատներ, կոշկակարանոցներ: Մի խանութի մոտ բուկլետ բաժանելիս բնակիչներից մեկը բորբոքվեց, թե «ըտեղ մի՛ մտեք, մասնավոր տարածք ա»: Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ի՞նչ խնդիր կա, եղբայր» ու դիտավորյալ մտավ հենց այդ խանութը՝ ցույց տալով, որ արգելված որեւէ բան չի անում: Դուրս գալով խանութից, նա այդ բնակչին հեգնեց. «Որ ուրիշ մասնավոր տարածքներ մտնենք՝ կասեք ինձ»:
Մի հացի արտադրամասում հացթուխը Փաշինյանին հարցրեց՝ մի բան կլինի՞, հույս ունենա՞նք: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ձեզնից է կախված: Հիմա ավելի մեծ թիմ ունենք: Հիմա ավելի մեծ թիմով ներկայացված կլինենք: Այն, ինչ որ միշտ արել ենք, ավելի կազմակերպված կլինի: Ելք կա, չհուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու»: Այստեղ Նիկոլ Փաշինյանին տաք հաց առաջարկեցին, նա չհրաժարվեց, իսկ հացն ուտելուց հետո հետեւից բղավեցին՝ «Առա՜ջ, Հայաստան»:
Դեռ հացը կուլ չէր տվել՝ մի մսավաճառ Փաշինյանին կանչեց, թե «արի մի հատ խորոված խփի, թե չէ սենց անցնելով բա՞ն կլինի»: Պատգամավորն էլ խոստացավ. «Խորովածն ամսի 3-ին»:
«ԵԼՔ»-ի անդամները՝ Մանե Թանդիլյանը եւ մյուսները ձեռքով էին անում, ողջունում էին բազմաբնակարան շենքերի պատուհաններից դուրս նայող բնակիչներին ու ոգեւորում՝ կոչ անելով չհիասթափվել, հիշել, որ ելք կա, իսկ ելքը մեկն է՝ թիվ 1 քվեաթերթիկն է:
Կարդացեք նաև
Ավանցիներից մեկն ասաց, որ որոշել են՝ ԵԼՔ»-ին են ընտրելու, որ երկրի վիճակը մի քիչ փոխվի, Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Փաստորեն, դուք արդեն գիտեք, որ ելք կա, ընտանիքի անդամներին իմ կողմից ջերմ բարեւներ»: Բազմաբնակարան շենքերից մեկի բնակչուհիներից մեկը տան պատշգամբից Փաշինյանին լսելով՝ դուրս եկավ ու բղավեց. «Նիկոլ ջան, մենք քեզ շա՜տ սիրում ենք»: «Ես էլ ձեզ եմ շատ սիրում»,- փոխադարձ սեր խոստովանեց պատգամավորը:
Բարձրախոսներով Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անելով մտավ նույնիսկ «Նոր Զովք» սուպերմարկետ ու սկսեց սպառողներին, վաճառողներին բաժանել իրենց բուկլետերը: Ավանցիներից մեկը նետեց, թե «Մեկ ա, էս ժողովրդին խաբելու եք» ու անցավ: Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց նրան. «Մի րոպե, արի տենանք էդ ինչո՞ւմ ենք խաբում, արի՛ մի րոպե: Ասիր փախա՞ր»:
Մանրամասները` տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ