Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառուկյան»-ը «հսկիչ գներն» է գլխատելու, «Ելք»-ը Հայաստանը ԵՏՄ-ից է հանելու

Մարտ 06,2017 17:21

Մինչ «Ծառուկյան» դաշինքը խորհրդարան անցնելու դեպքում խոստանում է

«էապես ու կտրուկ» իջեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագինը, գազի դեպքում չբացատրելով, թե ինչպես է դա անելու, էլեկտրաէներգիայի նվազեցման համար էլ որպես հիմք մատնացույց է անում ՀՀ-ում գործող ՀԷԿ-երի ու ատոմակայանի 1 կվտ/ժ ցածր ինքնարժեքը, «Ելք» դաշինքը խորհրդարան անցնելու 7 % շեմը հաղթահարելու դեպքում մտադիր է այդ երկու էներգակիրներին որպես փոխարինող զարգացնել այլընտրանքային էներգետիկան:

«Ելք»-ը խոստանում է բոլոր այն ընկերություններին, որոնք

այլընտրանքային էներգետիկայի բիզնեսով կզբաղվեն, ազատել շահութահարկից եւ մաքսատուրքից:

Ի դեպ, թե’ «Ելք»-ը, թե’ «Ծառուկյան» դաշինքը ընտրվելու դեպքում, ինչպես որ խոստանում են իրենց նախընտրական ծրագրերում, առաջին հերթին վերացնելու են մաքսազերծման, այսպես կոչված, «հսկիչ» գները:

Եթե «Ելք»-ը մաքսազերծման հիմքում դնելու է հաշիվ ապրանքագրերը եւ տվյալ ապրանքի գների մասին համացանցում առկա տեղեկատվությունը, ապա «Ծառուկյան» դաշինքը չի մանրամասնում, թե մաքսային «հսկիչ գների» համակարգը գլխատելուց հետո, մաքսազերծման ի՞նչ եղանակ է նախատեսում:
Փոքր ու միջին բիզնեսին ծանր վիճակից հանելու միակ ելքն, ըստ «Ելք» դաշինքի, տարեկան մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններին շրջանառության հարկով հարկելն է:

Փոխարենը «Ծառուկյան» դաշինքը խոստանում է առաջիկա հինգ տարիներին մինչեւ 30 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ընդհանրապես ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:

«Ելքը» մտադիր է ՓՄՁ շահերի պաշտպանության` Բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ներդնել՝ լայն լիազորություններով:

Ըստ «Ելք»-ի, Բիզնես օմբուդսմենը պետական մարմինների հարուցած խոչընդոտների մասին ՓՄՁ-ներից բողոքները կստանա եւ հասարակական կառույցների հետ կպաշտպանի ՓՄՁ շահերը:

«Ծառուկյան» դաշինքն էլ շեշտն ավելի շատ կդնի հարկային համաներման վրա, այսինքն` հարկային պարտավորությունների չկատարման հետեւանքով կուտակված տույժերի եւ տուգանքների մասով կկիրառի հարկային համաներում:

Գյուղատնտեսությունը խթանելու նպատակով էլ «Ծառուկյան» դաշինքը գյուղատնտեսության վարկավորման գայթակղիչ տոկոսադրույքներ է առաջարկում` առանց հաշվի առնելու մեր երկրում գործող տոկոսադրույքները, որոնք հետեւանք են Կենտրոնական բանկի սահմանած շեմի: Ըստ «Ծառուկյան»-ի՝ գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը: Այս դաշինքն, ընտրվելու դեպքում, գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճարը կսահմանի 1000 դրամ:

«Ելք»-ի ծրագրերն ավելի «ժամանակակից» են. այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի ժամկետով կազատվեն ոռոգման ջրի վարձից, իսկ ցանցապատված այգիներին հինգ տարի կազատեն հողի հարկից: «Ելք»-ն առաջարկում է հակակարկտային ցանցերի արտադրությունը հենց մեր երկրում կազմակերպել, որի պարագայում եւս կազատվեն ԱԱՀ-ից:
Խորհրդարան անցնելու դեպքում «Ելք»-ի առաջին գործը Հայաստանը ԵՏՄ-ից հանելն է լինելու եւ ԵՄ-ի հետ Ասոցացման ճանապարհը բռնելը:
«Ծառուկյան» դաշինքն իր առաջնահերթ քայլերն ավելի գործնական է պատկերացնում` արագաչափերի եւ կարմիր գծերի վերացումը:
«Ծառուկյան»-ի խոստումներից մեկն էլ, հանրային դժգոհություններով

ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը սառեցնելն ու ժողովրդից հարկադրաբար պահված գումարները հետ տալն է:

Ի տարբերություն «Ելք» դաշինքի, որն ընտրվելու դեպքում լծվելու է «մեծ հայրենադարձության» գործին` խոստանալով կարճ ժամկետներում

Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկել, «Ծառուկյան» դաշինքն օր օրի ահագնացող արտագաղթի մասով, ինչի մասին անգամ ազգային վիճակագրական ծառայության թվերն են փաստում, կոնկրետ քայլեր չունի:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031