Արտաշատում Հանրապետականի նախընտրական շտաբի առջև զենքի կիրառմամբ ծեծկռտուքից երկու օր անց Ոստիկանությունն այդպես էլ քրեական գործ չի հարուցել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» հրաժարվեցին ներկայացնել բերման ենթարկվածներին ազատ արձակելու հիմքերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը միայն փոխանցեց՝ «Նշանակվել են փորձաքննություններ, հետաքննություն է կատարվում»:
Ծեծկռտուքի կողմերից մեկը իշխող Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանի վարորդի որդին է: Ու չնայած լրատվամիջոցները գրեցին, որ ծեծկռտուքի մյուս կողմը Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային մեկ այլ թեկնածու՝ Արայիկ Գրիգորյանի մերձավորներն էին, սակայն, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շաբաթ օրը հավաստիացրեց, որ տեղի ունեցածը «աղջկա թեմա է» և «ընտրությունների հետ որևէ կապ չունի»:
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետական կուսակցության թեկնածուների անուններն առաջին անգամը չէ, որ արծարծվում են տարբեր ծեծկռտուքների համատեքստում: Մոտ 10 օր առաջ, ըստ մամուլի հրապարակումների, Մասիս քաղաքում բախում էր տեղի ունեցել ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուների՝ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում