Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկների պիտանիության վերաբերյալ փորձաքննության արդյունքները կասկած են հարուցում. Դատախազությունը հանձնարարել է կրկնակի փորձաքննություն նշանակել

Մարտ 06,2017 16:20

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին և նրանց հարազատներին: Կազմակերպությունը ահազանգեր է ստանում զորակոչիկներին առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու վերաբերյալ, որոնց պարբերաբար անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: 2016 թ. ձմեռային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել զորակոչիկ Տ. Մ.-ն, որը, չնայած ունեցած առողջական խնդիրներին, ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ զինծառայությանը պիտանի է ճանաչվել և ներկայացվել զորակոչի, սակայն համաձայն չլինելով ԿԲՀ որոշմանը՝ զորակոչի չի ներկայացել: Դրա հիմքով վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննության արդյունքներով Տ. Մ.-ը կրկին պիտանի է ճանաչվել զինծառայությանը:

Իսկ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացված միջնորդությունը քննչական մարմինը մերժել է՝ դա համարելով անհիմն: Միջնորդությամբ ուշադրություն էր հրավիրվել այն հանգամանքին, որ փորձաքննության եզրակացությունից պարզ չէ, թե փորձագետն ինչ մեթոդիկա է կիրառել և ինչ գրականության վրա է հիմնվել իր եզրակացությունները կատարելիս: Բացի դրանից՝ զորակոչիկի բժշկական փաստաթղթերում առկա տվյալների և ԿԲՀ որոշման միջև առկա հակասություններին փորձագիտական եզրակացությամբ ընդհանրապես անդրադարձ չի կատարվել, ինչը կարևոր նշանակություն ունի պարզելու համար, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված նույն առողջական խնդիրների դեպքում նախկինում երկու անգամ տարկետում տրամադրելը և հիմա՝ պիտանի ճանաչելը: Կարևորելով միջնորդությամբ բարձրացված հարցերը՝ Լոռու կայազորի զինվորական դատախազությունը քննչական մարմնի որոշումը վաղաժամ է համարել և մեղադրյալի միջնորդությունը բավարարելով՝ վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ դրանց պատասխաններն ստանալու նպատակով: Լոռու կայազորի զինվորական դատախազությունը վարույթն իրականացնող մարմնի որոշումը վաղաժամ է համարել նաև զորակոչիկ Ա. Բ.-ի գործով:

Որոշմամբ ընդգծվել է, որ փորձաքննությամբ չեն հայտնաբերվել, իսկ վարույթն իրականացնող մարմինն էլ պատշաճ ուշադրության չի արժանացրել զորակոչիկի որոշ գանգատների պատճառներն ու չի անդրադարձել հիվանդության հայտնաբերման համար հետազոտությունների կատարման եղանակներին: Իսկ փորձագետ Գագիկ Հարությունյանի ցուցմունքն այն մասին, թե լրացուցիչ հետազոտությունների նախադրյալներ չեն եղել, գրականության ցանկն ու կատարված հետազոտությունները էլ բավականին շատ են, որպեսզի տեղ գտնեն եզրակացության մեջ, դատախազն անհիմն է համարել և գտել, որ դրանց բացակայությամբ հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել հիվանդության մասին: Լոռու կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություններ կնշանակվեն և Տ. Մ-ի, և Ա. Բ.-ի գործով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031