Aravot.am-ի «ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն» հրապարակումը բուռն քննարկումների տեղիք է տվել:
Հրապարակման առիթը ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանի ստեղծած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկն էր, որն օրերս քննարկվել էր դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ՝ ԿԳ նախարարությունում:
Ռուբինա Փիրումյանը գործուն մասնակցություն ունի Կալիֆոռնիայի հայ գաղութի ազգային և կուսակցական կառույցների ղեկավարության, ինչպես նաև Հայ դատն ու հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու ասպարեզում: Նրա մոտեցումը ցեղասպանության թեման մատուցելու հարցում, հասկանալի պատճառներով, սուբյեկտիվ կլինի: Մանավանդ ձեռնարկը ԿԳ նախարարությունում քննարկվել է հենց դաշնակցական նախարարի պաշտոնավարման օրոք:
ԿԳ նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ՀՀ դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա եւ ձեռնարկի նպատակն է պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները:
Կարդացեք նաև
Aravot.am-ին տված հարցազրույցում տիկին Ռուբինան խոսել է հենց Ցեղասպանության թեմայի դասավանդման առանձնահատկությունների մասին ու փաստել, որ ձեռնարկն իրեն առաջարկել է գրել Լեւոն Մկրտչյանը: Aravot.am-ին տված հարցազրույցում ձեռնարկի հեղինակը նաեւ ասել էր, որ Հայաստանում ցեղասպանության դասավանդումը բավական երկար ճանապարհ է անցել. «Անկախությունից հետո այս խնդիրը բարձրացվել է, որ Հայոց ցեղասպանությունն ու հայկական հարցը պետք է դասավանդվեն դպրոցում: Բավական երկար ճանապարհ կտրելուց հետո որոշ արդյունքի ենք հասել՝ շնորհիվ նախարարի: Այն ժամանակ էլ ԿԳ նախարարը Լեւոն Մկրտչյանն էր, երբ ինձ առաջարկեցին գրել դասագիրքը, որը մի քանի փուլ ունեցով՝ նախ Հայոց ցեղասպանության պատմությունը գրեցինք, որ ավելի բարձր դասարաններում պարապեն, եւ նոր պատմությունը, որ երեխաներին փոքր տարիքից կարելի է պարապել»:
Հասկանալի է, որ ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների համար, բայց չէ՞ որ ուսուցիչներն այդ ձեռնարկը ծառայեցնելու են աշակերտների հետ աշխատանքում եւ ոչ թե իրենց ընտանիքներում են քննարկելու այն:
Նաեւ անհասկանալի է տարբերակված մոտեցումը հայ ժողովրդի պատմության մի ժամանակահատվածի վերաբերյալ: Մի դիտարկում էլ՝ Սփյուռքում ցեղասպանության ընկալումը ուծացման վտանգի դեմն առնելու եւ ինքնապահպանման նպատակ ունի, Հայաստանում նույնչափ կարեւոր է ցեղասպանության ճանաչումը եւ ազգային ինքնագիտակցության ամրապնդումը, բայց սփյուռքահայության վերաբերմունքը, թերեւս, ավելի ազգայնական է:
Իսկ որ ամենակարեւորն է՝ կրթության համակարգը ապակուսակցական է, եւ չպետք է տուժի նախարարների կամ դասագրքերի հեղինակների կուսակցական պատկանելության ու նախասիրությունների պատճառով:
2012-ին էլ Հայոց պատմության բուհական դասագրքի վերաբերյալ աղմուկ առաջացավ, որի հեղինակ Էդիկ Մինասյանը մարտի 1-ի դեպքերի ու նախագահական ընտրությունների վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցում էր ցուցաբերել , գնահատականներ եւ որակումներ տվել:
Տեղին է նաեւ հավելել, որ ՀՅԴ ցուցակը ռեկորդային է կրթության ոլորտի ներկայացուցիչների թվով, ինչը պայմանավորված է գերատեսչության դաշնակցական ղեկավարով: Թեեւ, ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ԿԳ բոլոր նախարարների օրոք կրթության ոլորտի մարդիկ հենց տվյալ նախարարի կուսակցության անդամ են դարձել, դպրոցի տնօրեններ կան, որ մի քանի կուսակցություն են փոխել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ