Ռուսաստանը շարունակելու է արցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ուղիներ փնտրել, որոնք ընդունելի կլինեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո:
«Ռուսաստանի Դաշնությանը կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում»,-ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ արցախյան հակամարտությունը կարգավորման ենթակա է, սակայն առկա են երկու-երեք առանցքային հարցեր, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս:
Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար: «Ռուսաստանը շատ լուրջ ջանքեր է գործադրում կարգավորման համար, այսօր մենք մանրամասն քննարկել ենք դրանք: Այդ ջանքերին ականջալուր են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, որոշակի հեռանկարներ կան»,-ասել է ադրբեջանցի արտգործնախարարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ