«Ինձ շատ են հետաքրքրում Հայաստանում ընտրական գործընթացները եւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, բայց դիվանագետը չի կարող մեկնաբանել ներքին հարաբերություններն այն երկրում, որտեղ ինքը դիվանագիտական առաքելություն է իրականացնում»,-Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ընտրական գործընթացները, մանավանդ, արդեն երկու օր է պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը, ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին` Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: Դեսպանն ասաց, որ Լեհաստանից մի քանի տասնյակ դիտորդներ կդիտարկեն հայաստանյան ընտրությունները: Նրանք կներկայացնեն իրենց մոտեցումները: Իսկ պաշտոնական Վարշավան Երեւանին դիտարկում է որպես գործընկեր, որը ջանում է ժողովրդավարական գործընթացներով զարգանալ:
Այնուհանդերձ, քանի որ դեսպանին անձնապես էլ հետաքրքրում են ներհայաստանյան գործընթացները, նա ասաց, որ շատ ուշադիր ընթերցում է այն, ինչ գրում է մամուլը:
ԼՂՀ հարցի եւ սահմաններում վերջին սրացումների մասին հարցին ի պատասխան էլ դեսպանն ասաց, որ գերադասում է այդ հարցերի պատասխանները թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցչին. «Մեկ բառի ավել կիրառումը կարող է խանգարել, մանավանդ, որ իրավիճակն իսկապես բարդ է եւ լարված»:
Aravot.am-ի հարցին`Բրյուսելում ՀՀ նախագահը հայտարարեց, որ ԼՂՀ հակամարտությունն այլեւս սառեցված չէ. սա ուղե՞րձ էր Եվրոպային, բանախոսը պատասխանեց. «Թե դա ինչպե՞ս կբնութագրվի, արդյոք դա ուղերձ էր, կարող է ասել միայն նա, ով որ ասում էր: Բայց մենք դա ընկալեցինք, որպես զգուշացնող, ուժեղ ձայն, որը զգուշացնում էր`կարող են լարվածություններ լինել: Բայց պետք է թույլ տալ, որ Մինսկի խումբը, համանախագահները զբաղվեն այդ հարցով, որպեսզի լարվածությունը չմեծացնենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ