Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ինձ թվում է , որ երկրագնդի վրա ապրող 7 միլիարդ մարդիկ էլ ազդում են իմ արվեստի վրա…», – Մուշեղ Գրիգորյան

Մարտ 06,2017 13:54

Ծնողները սովորաբար իրենց հարստությունը ժառանգում են  զավակներին: Անշարժ ու շարժական  գույք, ֆինանսական միջոցներ ու… շարքը կարելի է շարունակել, բայց դե   սրանում առանձնահատուկ ոչինչ չկա: Առավել հետաքրքիր ու հիշարժան է այն, ինչ նշանավոր, տաղանդավոր անհատներն են ժառանգում իրենց երեխաներին: Թերևս հենց այս անհատ- ժառանգորդներն են առավել բախտավոր …  Նրանց շարքերում է և Մուշեղ Գրիգորյանը՝ ժողովրդական նկարիչ Զուլում  Գրիգորյանի որդին:

Մուշեղ Գրիգորյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա սովորել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի  ասպիրանտուրայում: Բայց քսան տարեկանից նկարում է, իսկ 25 -ից  վերջնականապես հաստատվել է արվեստում (ուսանել է գեղանկարչություն հոր՝ Զուլում Գրիգորյանի արվեստանոցում): Նկարչի խոսքով, իրեն երբեք հոր անունն ու  փառքը չեն խանգարել  ինքնահաստատվել կերպարվեստում (սովորաբար կա տարածված կարծրատիպ, թե  առավել հայտնի ծնողների ճանապարհն ընտրած զավակները չեն կարողանում ինքնահաստատվել, սեփական ասելիքն ունենալ նրանց ոլորտում,  քանզի  ծնողների փառքի ստվերը մշտապես հետապնդում է նրանց): Մուշեղ Գրիգորյանին թերևս երբեք չի սպառնացել  հոր փառքի ստվերը:

Առաջին մասնագիտությամբ կիբեռնետիկ Մուշեղ Գրիգորյանը իր կոչումը նկարիչ լինելն է համարում.

-Ես նկարիչ եմ:

-Ու վե՞րջ , -հարցնում եմ  ես:

-Է հերիք է (ծիծաղում է): Արդեն լուրջ բան է դա, եթե կարող ես ասել, որ դու նկարիչ ես , հասնում ես դրան, որ կարող ես ասել … Դե իհարկե ուրիշ խնդիրներ կան, կարծում եմ, կյանք կոչվածի մեջ. նույնիսկ կարող է ավելի կարևոր բաներ կան, քան նկարչությունն է: Կյանքը հրաշք, ֆանտաստիկ երևույթ է, միանշանակ չենք կարող ասել: Մասնագիտական առումով ես նկարիչ եմ, իսկ ուղղակի՝ մարդ, որն ապրում է երկրագնդի վրա:

Ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է Մուշեղ Գրիգորյանը: Նրա կերպարվեստի գույներում ինչ-որ զորեղ բան կա, անսովոր ու տարօրինակ մի ուժ, որ շատ ժամանակակից է, բայց միևնույն ժամանակ՝ նաև շատ ազգային:

Այս արվեստագետը զերծ է ամեն տեսակ արհեստականություններից, կեցվածքամոլության ոչ մի նշույլ չես գտնի  նրա մեջ, և դրա կարիքն ամենևին չկա. ամենասովորական աչքն էլ Մուշեղ Գրիգորյանի մեջ կտեսնի տաղանդավոր ու առանձնահատուկ մարդուն: Մարդու, որն աշխարհում տեսնում է բարին. այն հարցին, թե ինչն է այսօր մարդկանց պակասում, նա պատասխանում է .

Ես պակաս բան չեմ տեսնում (ծիծաղում է), կարծում եմ ՝ նույնիսկ ավել է… Հիմա ասում են , թե լավ ժամանակներ չեն, մարդիկ այն չեն , ինչու … հազարավոր տարիներ մարդիկ գոյություն են ունեցել  բավականին նման խնդիրներով ու մինչև հիմա: Դրան գումարած  այսօրվա հետաքրքիր իրավիճակը, երբ գիտությունը այդպես ֆանտաստիկ արագ զարգացավ, նույնիսկ երկու հարյուր տարի առաջ լրիվ ուրիշ էր իրավիճակը: Դրանից մարդն էլ է փոխվում … Ես դա ընդունում եմ: Սովորաբար կա այն, ինչ կա, չեմ բարդացնում էլի: Ես բարին եմ տեսնում  աշխարհում. չարը այդքան էլ շատ չի, ինչքան  կարծում ենք: Ես այդ բարությունը տեսնում և զգում եմ …. Մեկ -մեկ ֆիլմերում տեսնում եմ, թե մարդիկ ինչպես էին ապրում միջնադարում. չեմ կարծում , որ ավելի փայլուն վիճակում էին:

Նկարչի կարծիքով   վատ բաները  շատ հաճախ միտումնավոր չեն արվում .

-Այսօր երկրագնդի վրա յոթ միլիարդ մարդ կա, ու բոլորս կապված ենք իրար, ինչ –որ չափով ազդում ենք իրար վրա, -ասում է Մուշեղ Գրիգորյանը :

Մուշեղ Գրիգորյան նկարիչը , որ առավել քան  զգացմունքային է ու ինքնատիպ, տարբեր ոգեշնչման աղբյուրներ ունի.

–  Ինձ թվում է, որ երկրագնդի վրա ապրող 7 միլիարդ մարդիկ էլ ազդում են իմ արվեստի վրա: Հա՜ , բոլորն էլ ազդում են ինչ–որ չափով, ուղղակի կան մարդիկ, որ շատ չնչին են ազդում, բայց կան ազդեցություններ, որ մեծ են : Ուրիշ է հատկապես ընտանիքի դերը: Կա շրջապատ, հիշողություն և այլն. չեմ ուզում առանձնացնել, -շարունակում է նկարիչը:

Մուշեղ Գրիգորյանից, նրա  արվեստից խոսելիս միանշանակ կարելի է երկար, բայց անարդար ու անպարկեշտ կլիներ չլսել նրա ուսուցչի ու ամենամեծ քննադատի՝  հոր՝ Ժողովրդական նկարիչ  Զուլում  Գրիգորյանի կարծիքը.

-Ես երբեք չեմ խառնվել նրա կարիերային , -ասում է  Վարպետը :-Սկզբում լավ քիչ էի վերաբերվում. դե տղաս էր ………… Երիտասարդ ժամանակ մեջը անտարբերություն կար … բայց հիմա (խորհրդավոր ժպտում է) …. Հիմա սկսել է ուրիշ տեսակ նկարել:

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031