Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան դաշինքի» վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը. հարցման արդյունքներ

Մարտ 06,2017 13:38

Հանրության 82.2 տոկոսը ցանկություն ունի, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում նաև ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կատարած հարցման արդյունքները:

Փետրվարի 23-ից մարտի 2-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են դեմ առ դեմ 1146 հարցումներ: Ընտրանքային սխալը 3 տոկոս է:

Ներկայացնելով արդյունքներն այն առումով, թե հիմնականում ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան՝ պարոն Նավասարդյանը նշեց. «4-5 կուսակցություն է անցնելու խորհրդարան: Դրանք են «Ծառուկյան դաշինքը», ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ելք»-ը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը»:

Հարցին՝«առաջիկա կիրակի, եթե լինեն ընտրություններ, ո՞ւմ կընտրեք», հարցման մասնակիցների պատասխանները բաշխվել են այսպես. «26.4 տոկոսը նշել է «Ծառուկյան դաշինք», 22.8 տոկոսը՝ ՀՀԿ, ՀՎԿ 2.7 տոկոս, «Ելք» 4.3 տոկոս, ՀՅԴ 3.9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» 3.4 տոկոս, Կոնգրես-ՀԺԿ 2.6 տոկոս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք 1.8 տոկոս, ՀԿԿ 1.0 տոկոս»:

Հարցման մասնակիցների 59.9 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 7.1 տոկոսը՝ «միանշանակ ոչ»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ «Ծառուկյան դաշինքը» նման բարձր ցուցանիշ է գրանցել, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Նոյեմբերին, երբ մենք ներկայացրինք մեր հետազոտության արդյունքները, այն ժամանակ պատկերը գրեթե հավասար էր: ԲՀԿ-ն մարզերում ուներ ավելի բարձր ցուցանիշ, ՀՀԿ-ն՝ Երևանում: Հիմա մենք գտնվում ենք մեկնարկային իրավիճակում: Այդ երկու դոմինանտ կուսակցությունները, որոնք բարձր ցուցանիշներ են արձանագրել, իրարից այդքան էլ չեն տարբերվում, և քարոզարշավը շատ բան կարող է փոխել»:

ՀՀ վարչապետի և Կարեն Կարապետյանի կառավարության գործելաոճի վերաբերյալ էլ են հարցեր տրվել: Համաձայն հարցումների արդյունքների՝ Կարեն Կարապետյանի գործելաոճը 81 տոկոսը դրական է գնահատում, մինչդեռ նոյեմբերին 84 տոկոսն էր դրական գնահատել՝ մինչև Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցումը: Նոր կառավարության կատարած աշխատանքը հարցման մասնակիցների 62.3 տոկոսը հիմնականում գնահատում է դրական: 64.5 տոկոսը նշել է , որ դրական սպասումներն արդարացվել են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031