«Ես չգիտեմ` Գագիկ Ծառուկյանը պայմանավորվա՞ծ է, թե՞ ոչ: Ես մի բան եմ տեսնում` մարդուն անընդհատ ճնշել ու նեղացրել են: Ինքն էլ արտահայտվում է: Բայց ես չեմ կարծում, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի հետ է կապում մեծամասնություն ունենալու իր հույսերը: Համենայնդեպս, մինչ այժմ եղած գործընթացներից չի երեւում այդ ալյանսի գոյությունը: Հայաստանում հարուստ մարդը միշտ էլ խոցելի է, իշխանությունն էլ միշտ գտել է ու գտնելու է մարդկանց ճնշելու ձեւերը: Ինչեւէ, իշխանության հնարավորություններն էլ անսպառ չեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` հակադարձելով դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու առիթով լուրեր շրջանառվեցին, թե դա արվում է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված, մինչդեռ ՀՀՇ-ն հույսեր է կապում «Ծառուկյան» դաշինքի հետ: «Ես կամ ՀՀՇ-ն հույսեր չենք կապում: Մենք ունենք մեր գաղափարախոսությունը, որն առաջ ենք տանում:
Ինչպես ինձ ներկայացրել է Արարատ Զուրաբյանը` ինքն իր ելույթների կամ գաղափարախոսության որեւէ սահմանափակում չունի: Համոզված եմ, որ դա կտեսնենք»: Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀԿ-ն ստեղծել է մի համակարգ, որտեղ այլ չափանիշներ են գործելու: Ամեն դեպքում ինքը կարծում է, որ այս իրավիճակում էլ կարելի է փոփոխություններ հաջողել. «Մի երկրում, որտեղ իշխանությունը հազիվ թե հասարակության հինգ տոկոս աջակցությունն ունի, դա նշանակում է, որ մի օր մի բան փոխվելու է` անկախ նրանից, թե ինչքանով է հասարակությունը հիասթափված նաեւ ընդդիմությունից: Մի բան հստակ է` հասարակությունն իշխանության այս տեսակը չի ուզում»:
Կարդացեք նաև
«Առավոտ»
04,03.2017