Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն խորհրդարան կբերի հնամաշներին»

Մարտ 06,2017 14:30

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է,
որ հաջորդ խորհրդարանի դերն ավելի նվազ է լինելու

«Այն, ինչ սկսվել է, շարունակվելու է: Այլ կերպ հնարավոր էլ չէ: Ես չգիտեմ, ՀՀԿ-ականներից երեւի թե միայն Դավիթ Հարությունյա՞նն է հասկացել, թե այս համակարգն ինչպիսինն է: Ես զարմանում եմ, որ մարդիկ որոշ դեպքերում հայտարարում են, թե գաղափարների պայքար պետք է լինի, վերջապես 100 տոկոսանոց ընտրակարգով ընտրություններ ունենք… Իրականում հեղինակներն ական են դրել այս ընտրական համակարգի մեջ, ընդ որում՝ հասկանալով, որ այս համակարգն ավելի մեծամասնական է, քան նախկինում եղել է: Ըստ էության, բոլոր ձայները գալու են ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մարդկանց օգնությամբ, ջանքերով եւ խախտումներով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով նախաքարոզարշավային թեժ մթնոլորտին, որն ուղեկցվում է ծեծ ու կռվով, դանակահարությամբ: Թեեւ ԸՕ-ն նախատեսում է, որ նույն տարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մինչեւ երեք թեկնածուներ կարող են ընտրվել, բայց մթնոլորտն այնպիսին է, որ ցանկացած թեկնածու մյուս թեկնածուներին, նույնիսկ իր կուսակից, համարում է թշնամի` նկատում է մեր զրուցակիցը:

Մի ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրելով միանգամից մի քանի թեկնածուների, Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ իշխող ՀՀԿ-ն խաղի կանոններ է թելադրում. «ՀՀԿ-ում մտածում են, որ այս մարդիկ պետք է իրենց ֆինանսական, ադմինիստրատիվ, խնամիական կապերը կամ այլ կապերն օգտագործեն, որպեսզի ձայն բերեն: Բայց մի բան հաշվի չի առնվում` այդ մարդկանց մակարդակը: Իսկ մակարդակը դա է` ծեծել, ջարդել, դանակահարել»:

«Առավոտի» դիտարկմանը, որ այս Ընտրական օրենսգիրքն ընդունվեց իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում, ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանն էլ այդ համաձայնությունը որակեց «ընդդիմության պատմական հաղթանակ», քանի որ ընտրողները մատնահետքերով են մասնակցելու քվեարկությանը, տեղամասերում տեսանկարահանող սարքեր են տեղադրվելու, եւ վերջապես, հրապարակվելու են քվեարկությանը մասնակցածների ցուցակները, Հովհաննես Իգիթյանը հակադարձում է. «Ուզում եմ հավատալ, որ ընդդիմադիրները վտանգն այնտեղից չէին սպասում, որտեղից որ պետք է սպասեին: Հիմնական խնդիրը ես տեսնում եմ թեկնածու-ընտրող անմիջական շփումներից: Նույնիսկ իմ կուսակցությանը թվաց, որ իշխանությունները գնում են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Իշխանությունը դա էր հայտարարում, ակնկալվում էր գաղափարների պայքար, եւ ձեր նշած մեթոդներն էլ կեղծիքները նվազեցնելու հնարավորություն պետք է տային: Բայց այդպես չեղավ, ու այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, որեւէ կապ չունի ընտրատարածքի, ընտրողների ցուցակների հետ: Մարդկանց այստեղ-այնտեղ են գրանցում, տանում-բերում են, կաշառում են»: Այն, որ հայտարարվել է մոտ երկուսուկես միլիոն ընտրողների մասին, Հովհաննես Իգիթյանի համար պատկերն ամբողջական է դարձնում: Իր կարծիքով՝ հայտարարվել է ընտրողների մի թիվ, որը Հայաստանի փաստացի բնակիչներից էլ բարձր է: Համադրելով կառավարության հրապարակած պաշտոնական տվյալները Հայաստան մուտք գործող տրանսվերների մասին՝ Հովհաննես Իգիթյանը նկատում է, որ առնվազն մեկ միլիոն աշխատուժ է գտնվում երկրից դուրս: Ուստի, ներկայացնելով մոտ երկուսուկես միլիոն ընտրողների թիվ, ըստ նրա՝ իշխանության հույսը կրկին կեղծիքներն ու ուռճացված թվերն են:

Այս ամենը փաստո՞ւմ է, որ ՀՀԿ-ն ձգտելու է խորհրդարանի «հսկիչ փաթեթը» ձեռք գցել, թե՞ ընդդիմությունը կկարողանա որոշակի լուրջ բեւեռ ձեւավորել՝ մեր հարցին ի պատասխան Հովհաննես Իգիթյանն, ասաց, որ իրականում ՀՀԿ-ն անգամ հինգ տոկոս վստահություն չունի հանրության շրջանում: Բայց քանի որ ՀՀԿ-ի ներկայացուցիչները խոսում են բարձր տոկոսների մասին, ուստի հին մեթոդները կրկին կիրառվելու են: Թե որքա՞ն ձայն կհաջողի ՀՀԿ-ն ձեռք գցել՝ մեր զրուցակիցը դժվարանում է կանխատեսել: Որքանո՞վ ընդդիմությունը կկարողանա հակակշիռ դառնալ` ժամանակը ցույց կտա: Մի բան հստակ է` գաղափարների պայքար դեռ տեսանելի չէ. «Ինչպե՞ս պետք է քաղաքական ուժը գաղափարական պայքար տանի Միհրան Պողոսյանի կամ Ռոբերտ Սարգսյանի հետ… ՀՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակը ցուցանակ է` վիտրինա. կարող է վատ մարդիկ չեն, բայց նրանք ՀՀԿ-ի լոկոմոտիվը չեն: Ես Վիգեն Սարգսյանին եմ ճանաչոմ, այլոց եւս: Նորմալ, քաղաքակիրթ, ներկայանալի, սկանդալների մեջ չշոշափվող: Բայց նրանք ինձ համար ՀՀԿ-ականներ չեն: Ես չեմ լսել Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցները, մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ: Ու որքան ես հասկացա, այդ մարդիկ չեն լինելու պառլամենտում: Այն մարդիկ, ովքեր առաջ են տանում ձայն բերելու գործընթացը` տարածքային ցուցակներում են, նրանք են լինելու խորհրդարանում, նրանք հիմա ուղիղ կռիվ են տալիս դրա համար: Իհարկե, ցուցակից էլ կբերեն, բայց ոչ երիտՀՀԿ-ականներին, այլ հնամաշներին»:

Թեեւ ՀՀԿ-ականները` սկսած առաջին դեմքից, ամեն օր հայտարարում են, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանում մեծանալու է խորհրդարանի դերը, Հովհաննես Իգիթյանը վստահ է` ապրիլի 2-ին ընտրված խորհրդարանի դերն ավելի նվազ է լինելու, քան նախկինինը: Մեր զրուցակիցը նկատում է, որ դասական խորհրդարանական երկրներում ստեղծվում է խորհրդարանական մեծամասնություն, որն ընտրում է իր վարչապետին: Հայաստանում հակառակն է` ներկայացվում է այնպես, որ ՀՀԿ-ի վարչապետը խորհրդարանում մեծամասնություն կունենա. «Այս խորհրդարանը, հատկապես 2018 թվականից հետո, ունենալու է մեկ հիմնական առաքելություն` կոճակ սեղմելով ընտրել պետության առաջին երեք դեմքերին` վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին: Հետո, վարչապետն օգտագործելով պառլամենտի իր կոճակները, պետք է դակի կառավարության նախաձեռնությունները: Գաղափարների պայքարը, որը նախկինում որոշ պատգամավորների կողմից տարվում էր, չի լինելու: Նույնիսկ խորհրդարանի կանոնակարգն այնպես է փոխվում, որ քննարկումների հնարավորությունը տեղափոխվում է հանձնաժողովներ: Արդյունքում հանրությունն ավելի քիչ հնարավորություններ կունենա տեսնելու, լսելու պատգամավորներին: Ստացվում է, որ պետք է հուսանք, որ 2018-ից հետո վարչապետը կրիմինալ եւ բանդիտ չլինի»: Թե ո՞վ կլինի 2018-ից հետո ՀՀ վարչապետը՝ մեր զրուցակիցը դժվարանում է կանխատեսել, քանի որ Հայաստանում նման հարցերը այլ չափանիշներով են կարգավորվում: Ինքն ավելի հեշտությամբ կկանխատեսի, թե ով կլինի այդ շրջանում Ֆրանսիայի վարչապետը, քանի որ այդ երկրում քաղաքական կարիերայի չափանիշներն են գործում:

Հովհաննես Իգիթյանին, ի դեպ, պատգամավոր դառնալու առաջարկներ եղել են: Ամենահստակ առաջարկը «Ծառուկյան» դաշինքից է եղել: ՀՀՇ-ն, հիշեցնենք, ի սկզբանե այդ դաշինքի ձեւավորման ակունքներում էր: Ինքը հրաժարվել է մի քանի պատճառներով. «Ես միջազգային կազմակերպությունում եմ աշխատում, որտեղ մարդկանց գնահատում են իրենց գիտելիքների համար: Այդտեղ հարգանք կա, ինտրիգներ չկան: Բայց նույնիսկ այս աշխատանքը ես կթողնեի, ինչպես 2008-ին, բայց ես չեմ կարծում, թե խորհրդարանում իմ լինելը որեւէ բան կփոխեր: Հակառակը՝ հնարավոր է իմ ելույթների հետ մարդիկ հույսեր կապեին, բայց դրանք չէին կարող իրականանալ: Այլանդակությունը պառլամենտում որակ է կազմում, եւ 1-10-20 ձայներն այնտեղ ուղղակի կկորչեն, հնարավորություն չեն ունենա իրավիճակ փոխելու»:

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի նախատեսած դաշինքն իրոք կարող էր բեւեռ դառնալ` հաշվի առնելով ՀՀԿ-ի ստեղծած այն համակարգը, որ խորհրդարանում փոքր երեք ուժեր չեն կարող միավորվել եւ դաշինք կազմել. «Ծառուկյանն ի՞նքն էր որոշել, թե՞ իրեն հուշել էին իր խորհրդականները, բայց իրոք լայն դաշինք էր փորձում ստեղծել: Ինչո՞ւ չստացվեց` այլ հարց է: Բայց դարձյալ բավականին ուժեղ դաշինք ստացվեց, անկախ նրանից՝ ՀՀՇ-ն այնտեղ ներկայացված է գրեթե անհատական ձեւով` ի դեմս կուսակցության նախագահի: Ամեն դեպքում դա այն ուժն է, որը խորհրդարանում կարող է կորիզ ստեղծել: Եթե այլ ուժեր էլ կարողանան 15-ական տոկոս հավաքել, ընդդիմությունը խորհրդարանում լուրջ ներկայացվածություն կունենա: Նորմալ ընտրությունների պարագայում` կասկած չկա, որ այդպես էլ կլինի»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

04,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031