Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկն ասում էր՝ հայցվորը պետական համակարգի աշխատող է, չի կարող իրենց խաբել»

Մարտ 06,2017 14:00

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը Հովհաննես Մինասյանի հայցով նախապատրաստական փուլը համարեց ավարտված եւ սկսվեց ընդդեմ Կարինե Ղազանչյանի եւ Հայկ Տեր-Բարսեղյանի՝ 8.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին գործով դատաքննությունը:

Հայցվորի ներկայացուցիչ պարոն Մելիքսեթյանը ներկայացնելով իրենց պահանջները, ասաց, թե իր վստահորդ Հովհաննես Մինասյանը «Լիստ.ամ»-ում կարդացել է հայտարարություն «NISSAN SKYLINE» ավտոմեքենայի վաճառքի մասին: Դիմել է Կարինե Ղազանչյանին:

2014 թվականի հոկտեմբերին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել պատասխանող Կ.Ղազանչյանին պատկանող մեքենան վաճառելու վերաբերյալ:
Մեքենան պետք է վաճառվեր 6450 ԱՄՆ դոլարով: Պայմանավորվածության համաձայն՝ հայցվորը վճարելու էր 3.200 ԱՄՆ դոլարը, որպես նախավճար, իսկ մնացած գումարը մաս-մաս՝ ամսական 300 ԱՄՆ դոլարի չափով պետք է վճարվեր մեկ տարվա ընթացքում:
Հայցվորի ներկայացուցիչն ասաց, թե 3.200 դոլարը վճարելուց հետո, որոշ ժամանակ անց, երբ իրենք վճարել էին մաս-մասը՝ 1700-ը, տեղեկանում է, որ տիկինը «Մուսոյան ԱԱԱ» ՍՊ ընկերությունում գրավ է դրել մեքենան, որն այդ ժամանակ գտնվում էր իրենց տիրապետության ներքո:

Նրանք գտնելով, որ պատասխանող կողմը չի կատարել իրենց պարտականությունները, դադարեցնում են մնացյալ գումարը վճարել, հրաժարվում են մեքենան գնելուց եւ պահանջում էին 8.300 դոլարը:

Պատասխանող կողմի ներկայացուցչի հարցին, թե արդյոք Հովհաննես Մինասյանը տեղյա՞կ է եղել գրավից, կողմը դրական պատասխան տվեց: Իսկ երբ հետեւեց հարցը, թե գրավի գումարը ով է ստացել, հայցվորի ներկայացուցիչը տվեց խուսափողական պատասխան:

Մինչ պատասխանողը կներկայացներ իրենց առարկությունները հայցվորի պահանջի վերաբերյալ, նրանք միջնորդությամբ դիմեցին դատարան, որպեսզի դատարան հրավիրվի հայցվոր Հ. Մինասյանը:

Դատարանը մերժեց միջնորդությունը: Հետեւեց դատավորին բանավոր ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը գրավոր ներկայացվեց երեկ:

Ինքնաբացարկի հիմքում դրված էր այն, որ դատավորը զրկել է կողմին իր հարցերն ուղղելու հայցվորին, որը դատարան չի ներկայանում, եւ նախապատրաստական փուլում այդ հարցերը չեն առաջացել, քանի որ պատասխանող կողմը կարծել է, թե հայցվորը կգա դատարան, տեղում կպատասխանի ծագած հարցերին:

Մինչդեռ դատարանն անթույլատրելի համարեց այդ նոր հանգամանք-հարցերը դատաքննության փուլում լսելուց:

Կ.Ղազանչյանն «Առավոտին» ասաց. «Պայմանավորվածությունից անմիջապես հետո ավտոմեքենան հանձնվել է Հ. Մինասյանին: Այս ամենի մասին իմ կողմից կազմվել է ստացական եւ որի բնօրինակը նույնպես հանձնվել է հայցվորին: Հայցվորին ես խնդրել էի նաեւ, որ մնացած ֆինանսական հարցերը լուծի, այսինքն՝ պարտք մնացած գումարը տա սույն գործով մյուս պատասխանող Հայկ Տեր-Բարսեղյանին: Ավտոմեքենան հայցվորի տիրապետմանը հանձնելուց հետո, երբ լրացավ մեկ տարին, այդ մեկ տարվա ընթացքում Հ. Մինասյանը պարտք մնացած 3250 ԱՄՆ դոլարից վճարել էր ընդամենը 1.300 ԱՄՆ դոլարի չափով գումար, պարտք մնալով 1.950 ԱՄՆ դոլար գումար: Չնայած բազմաթիվ խնդրանքներին եւ պահանջներին, հայցվորը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էր գումարն ամբողջությամբ վերադարձնել, պատճառաբանելով ֆինանսական վատ վիճակով»: Ի դեպ, մեր տեղեկություններով, հայցվորը հարկադիրի աշխատակից է:

Իսկ Հայկ Տեր-Բարսեղյանն «Առավոտի» հարցին՝ կապված մեքենայի գրավադրման հետ, պատասխանեց. «Գրավատանը Կ.Ղազանչյանը պայմանագիր է ստորագրել եւ հեռացել: Գումարն ամբողջությամբ ստացել էր Հովհաննես Մինասյանը: Նա վարկի գումարը վերցնելուց հետո պարտքի գումարից մարել էր ընդամենը 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, մոտ 200.000 ՀՀ դրամը, պարտավորվել էր երկու օրվա ընթացքում վճարել եւս 250.000 ՀՀ դրամ գումարը, սակայն խաբել է»:

Դատարանում հայցվորի ներկայացուցչի ներկայացրածի համաձայն, իրենք են խաբվողը, պատասխանողների գնահատմամբ էլ, հայցվորն է չարաշահել իրենց վստահությունը:
«Հայցվորը հրաժարվում էր պարտք մնացած 1.550 ԱՄՆ դոլարի չափով գումարը վճարելուց: Ավելին՝ որոշ ժամանակ անցնելուց հետո ես գրավատնից ստացա ծանուցագրեր այն մասին, որ վարկի գումարները չի մարվել եւ վարկի գումարները չմարելու դեպքում գրավատունը կձեռնարկի համապատասխան միջոցներ: Այսինքն՝ մենք պարզեցինք, որ վարկի գումարները հայցվորը նույնպես չէր մարել: Այդ մասին անմիջապես տեղեկացրեցի Հայկ Տեր-Բարսեղյանին, մեր միջեւ նաեւ վեճ առաջացավ, քանի որ ամեն դեպքում կասկածներ ունեի՝ հայցվորը մեզ կխաբի, սակայն հատկապես Հայկի մոտ հայցվորն այնպիսի վստահություն էր ստեղծել, այնպես էր Հայկի վստահությունը չարաշահել, որ Հայկը միշտ ասում էր՝ հայցվորը պետական համակարգի աշխատող է, նման բաներ իրեն թույլ չի տա»,-հայցը համարելով անհիմն, դատարան ուղարկված առարկություններում գրել է է Կ.Ղազանչյանը:

Իսկ ինչո՞ւ հենց իրենք չեն դիմել դատարան, այլ հայցվորն է դիմել՝ «Առավոտի» հարցին էլ պատասխանողները ասում են. «Նա աշխատում էր հարկադիր կատարման ծառայությունում, չէինք ցանկանում, որպեսզի նրա ղեկավարությունն այս մասին իմանա, մտածելով, որ նման աշխատակցին անմիջապես աշխատանքից կազատեն: Սակայն մտքներովս անգամ չէր անցնի, որ Հովհաննես Մինասյանը ոչ միայն չի կատարի պարտավորությունները, այլ կդիմի նման քայլի եւ ինքը մեր դեմ հայցադիմում կներկայացնի»: Ինչ վերաբերում էր գրավադրված մեքենայի պատմությանը, պատասխանող կողմը հայտնում է, թե՝ «Ավտոմեքենան սկսած 2014 թվականի հոկտեմբերից գտնվել է հայցվորի տիրապետության տակ, եւ մեր վստահությունը չարաշահելով՝ նա է խնդրել, որպեսզի ներկայանանք գրավատուն, ստորագրենք ինչ-ինչ փաստաթղթեր, որպեսզի ինքը հնարավորություն ունենա վարկ վերցնել»: Կողմերն առանձին-առանձին փորձում են դատարանին ապացուցել, որ պայմանագիրը մինչեւ օրս չկատարելու մեղավոր կողմն իրենք չեն, այլ հակառակ կողմը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

04,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031