24 միջազգային կազմակերպություններ խստորեն դատապարտել են Ադրբեջանի իշխանություններին երկրում խոսքի ազատությունը ոտնահարելուն ուղղված վերջին քայլերի համար: Ինչպես հաղորդում է contact.az-ը, մարտի 3-ին արված նրանց համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, խիստ քննադատության է ենթարկվել բլոգեր Մեհման Հուսեյնովի ձերբակալության փաստը: Միջազգային կազմակերպությունները փաստել են, որ այս կերպ ադրբեջանական իշխանությունները ցուցադրել են բռնաճնշումները շարունակելու մտադրությունը:
«Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը սարսափելի է, սա ևս մեկ օրինակ է, որ Ադրբեջանում թիրախավորում են Իլհամ Ալիևի իշխող ռեժիմի քննադատողներին: Սա նաև մատնանշում է, որ ոչինչ չի փոխվել նախորդ տարի մի շարք քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո: Քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձերբակալությունները նախկինի պես սովորական պրակտիկա են»,-ասել է Ռեբեկա Վինսենթը՝ «Լրագրողներ առանց սահմաններ»-ի բրիտանական բյուրոյի ղեկավարը:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) իր հերթին նշել է, որ Ադրբեջանում ձերբակալությունների հերթական ալիքն է տեղի ունեցել առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակումից հետո: Մասնավորապես, իշխանությունները սուտ մեղադրանքների հիման վրա ձերբակալել են ընդդիմության մի քանի ներկայացուցիչների, ակտիվիստների:
«Եվրոպական կառավարություններն այլևս չեն կարող անտեսել կառավարության քննադատների ձերբակալությունները, կտտանքները, հետապնդումները և պետք է Բաքվին ստիպեն պատասխան տալ»,-ասել է Քեթի Մորիսը՝ Article 19 բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ