Նրանք, որոնք պնդում են, թե մարդն ամենակեր է, հենվում են այն փաստի վրա, որ մարդու մարսողական համակարգն իր կազմությամբ գտնվում է խոտակերների ու գիշատիչների մեջտեղում։ Ազգությամբ ռուս բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան իր «Բնական ապաքինում» գրքում գրում է, որ մեր աղիքների ընդհանուր երկարությունը խոտակերների աղիքներից կարճ է, բայց գիշատիչների աղիքներից երկար է։ Մեր ստամոքսը խոտակերների ստամոքսի նման առանձնահատուկ բաժիններ չունի, բայց գիշատիչների ստամոքսի նման կլոր էլ չէ։ Տարբեր է նաեւ արյան մեջ ջրածնային իոնների առկայությունը:
«Այո՛, կազմաբանորեն ու ֆիզիոլոգիապես մարդը տարբերվում է ե՛ւ խոտակերներից, ե՛ւ գիշատիչներից։ Բայց դա չի նշանակում, թե գտնվում է նրանց միջեւ, այսինքն՝ կարող է սնվել ե՛ւ բույսերով, ե՛ւ մսով։ Սննդի առումով մարդը, ինչպես միշտ ընդգծել եմ, սնվում է պտուղներով։ Նրա տեսակային կերը պտուղները, հատապտուղները, պալարները, սերմերն են, այսինքն՝ բույսերի այն մասերը, որոնցում անհամեմատ ավելի շատ սննդարար նյութեր են պարունակվում, քան կանաչ ցողունների մեջ»,- նշել է բնաբույժը։
Ըստ մասնագետի՝ ի տարբերություն գիշատիչների՝ մարդը միսն ուտում է ոչ թե բնական վիճակով, այլ ջերմամշակման հետեւանքով անկենդան սպիտակուցների եւ ճարպերի վերածված վիճակում։ Բայց հարյուր հազարավոր տարիներ շարունակ միս ուտող մարդը ձեռք չի բերել գիշատիչին հատուկ կազմաբանական որեւէ հատկանիշ։ Մեր բերանի խոռոչում ռեակցիան հիմնային է, այլ ոչ թե թթվային, ինչպես գիշատիչների մոտ։ Այդ պատճառով համեմատություն անցկացնելն ու մարդուն խոտակերների ու գիշատիչների մեջտեղում տեղավորելը շատ վնասակար գործ է։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
04,03.2017