Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է «ԵԼՔ»-ը վերականգնելու ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսը. Արամ Սարգսյանը մանրամասնում է (Տեսանյութ)

Մարտ 05,2017 23:52

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ այսօր մատնանշվեց նաեւ, որ դաշինքը խոստանում է միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության վերականգնման համար, իսկ հակամարտության կարգավորման հարցում որեւէ փոխզիջման քննարկման պայմանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի պատրաստակամությունն է:

Aravot.am-ի հետ զրույցում դաշինքի մասը կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մանրամասնեց, թե ինչ է առաջարկում դաշինքը մասնավորապես՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության վերականգնման համար:

«Հակամարտության ընթացքում 6 հազարից ավելի զոհ ենք տվել եւ 11.000 վիրավոր…կարծում եմ՝ տարածաշրջանում խաղաղության  համար պետք է վճարեն բոլորը եւ ոչ միայն հայերը: Կարծում եմ՝ չի կարելի գնալ զիջումների՝ խաղաղության դիմաց: Իսկ կարգավիճակի դիմաց՝ երբ լինի այդ մասին խոսակցություն, պատրաստ ենք կարգավիճակի շուրջ բանակցելու»,-նախ ասաց Արամ Սարգսյանը:

Ապա ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության վերականգնման առնչությամբ նշեց, որ բացի ՀԱՊԿ երկրների գործընկերներից, փորձելու են անվտանգության նոր համակարգեր գտնել՝ թե սպառազինությունների տեսակի եւ թե դրանց օգտագործման միջոցների առումով. «Իսկ թե ինչ միջոցներով, միանշանակ՝ բյուջեի: Բանակի միջոցները հնարավոր չէ ամեն մարդու գրպանից հազար դրամ հանելով ապահովել: Մենք հստակ տնտեսական քաղաքականություն ենք ներկայացնելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031