«ԵԼՔ» դաշինքն այսօր ներկայացրեց ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագիրը: Ինչպես հայտարարեց դաշինքի թեկնածու Մանե Թանդիլյանը, այն միտված է ապրիլը դարձնելու «ապրելու ապրիլ»:
Մանե Թանդիլյանի փոխանցմամբ՝ զինված ուժերի առնչությամբ դաշինքն առաջարկում է որոշ քայլեր, որոնք կիրականացվեն հինգ տարում: «Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները: Քաղաքացիները նախապես տեղյակ կլինեն՝ որտեղ, երբ եւ ինչպես մոբիլիզացվել: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա իրեն կցված զենք եւ կկարողանա արագ արձագանքել՝ անհրաժեշտության դեպքում»,-ասաց Մանե Թանդիլյանը:
Ծրագրով դաշինքը խոստանում է միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության վերականգնման համար, իսկ հակամարտության կարգավորման հարցում որեւէ փոխզիջման քննարկման պայմանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի պատրաստակամությունն է:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների: Ըստ «ԵԼՔ»-ի նախընտրական ծրագրի.
-կսկսվեն բանակցություններ՝ ՀՀ-ով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման համար,
-150 եւ ավելի աշխատող ունեցող ՏՏ ընկերությունները կազատվեն շահութահարկից,
-կչեղարկվի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը,
-այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից եւ մաքսատուրքից,
-Կաթիլային ոռոգմամբ գյուղացիական տնտեսությունները հինգ տարով չեն վճարի ոռոգման ջրի համար,
-արագաչափերով եւ տեսանկարահանող սարքերով տուգանքների նշանակումը կդադարարի,
-կկառուցվի ՀՀ-Իրան երկաթուղին՝ նախագծի փուլային տարբերակով,
-կձեռնարկվեն սահմանադրական փոփոխություններ
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ