Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն անցկացվող երդմնակալության ամենամյա միջոցառմանը մարտի 5-ին Երևանից և հանրապետության մարզերից հավաքված հազարավոր պատանի երկրապահներ ծնկի իջած երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորը, պատվով շարունակել Սպարապետի գործը։
Անդրադառնալով օրվա խորհրդին ու կարևորությանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արժևորեց Վազգեն Սարգսյանի դերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակի ստեղծման գործում, նշեց, որ որոշակի ժամանակ պետք է անցներ ողջ խորությամբ ըմբռնելու համար թշնամուն պարտադրված զինադադարի և ավելի քան 2 տասնամյակ շարունակվող փխրուն խաղաղության արժեքը։ Որոշ ժամանակ պահանջվեց նաև ըմբռնելու և վերաիմաստավորելու համար հայկական բանակի կողմից գործածված քայլերի անչափ մեծ գինը։
«Այսօրվա խռովահույզ ժամանակներում, սակայն, մենք լիարժեք գիտակցում ենք, որ համախմբումը անհրաժեշտ է բոլորիս, և մենք արդեն ավելի խորն ենք ըմբռնում միասնական լինելու մասին Սպարապետի պատգամները».- նկատեց նախարար Սարգսյանը։
Պատանիներին իր օրհնության խոսքով դիմեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Շնորհավորելով պատանիներին երդման արարողակարգի կապակցությամբ՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբանը նկատեց, որ այս քայլով նրանք վավերացնում են իրենց պատրաստակամությունը պաշտպան կանգնելու հայրենիքին, իրենց ընտանիքներին և հոգևոր արժեքներին։
Կարդացեք նաև
Հավաքվածներին ողջունեց նաև ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Շնորհավորելով պատանի երկրապահներին երդման և սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ նա մեկ անգամ ևս հավաստեց առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ԵՄԿ անդամների կողմից ազգային բանակի շարքերը համալրելու, հայ զինվորին զորավիգ լինելու պատրաստակամությունը։
Միջոցառման ավարտին պատանի երկրապահները ներկայացան ցուցադրական ելույթներով։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն